Ավելի քան 17 կգ մարիխուանա, կալանավորված անձինք․ Քրեական ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ:


«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում:


Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ 29-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 17 կգ 230 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: 86 գրամից ավելի մարիխուանա հայտնաբերվել է նաև մայրաքաղաքի Դավիթաշեն թաղամասում բնակվող 43-ամյա տղամարդու տանը։


Երևանի Լուկաշինի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդի տանը բացի մարիխուանայից հայտնաբերվել է նաև մեթամֆետամինի նմանվող զանգվածով զիպ փականով փաթեթ։


Եվս երկու անձի բնակության վայրերում հայտնաբերվել են փամփուշտներ ու հոգեմետ դեղահաբեր:


Երեք անձ կալանավորվել է:


Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- նշվում է հաղորդագրությունում: