Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ նորություն չէ, որ ՌԴ-ն փորձում է միլիարդատերերի միջոցով քաղաքական ուժ ձևավորել: «Մենք դա տեսել ենք Ռուբեն Վարդանյանի օրինակով, Վրաստանի պարագայում՝ Իվանիշվիլիի։ Այժմ էլ ականատես ենք լինում Սամվել Կարապետյանի միջոցով ևս մեկ փորձի։ Արդյոք Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը Կրեմլի հրահանգո՞վ եկած գործիչներ էին... ես կարծում եմ՝ ոչ ուղիղ հրահանգով, սեփական մոտիվացիա ևս ունեցած կլինեին»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ Մանուկյանը կարծում է, որ նրանք առնվազն ունեն
Կրեմլի մեծ աջակցությունը: «Կա նաև մեկ հետաքրքիր հանգամանք. բիզնեսմեններն ամբողջ
աշխարհում ավելի շատ ձախողվում են, քան հաջողում, և դրա պատճառն այն է, որ նրանք վատ
են հասկանում քաղաքականությունը։ Իրենց թվում է, որ իրենք եթե հասել են այն աստիճանի,
որ միլիարդատեր են, ամեն ինչ կարող են անել։ Մասկի ձախողումը վերջին օրինակն է, խայտառակ
ձևով ձախողվեց նաև Ռուբեն Վարդանյանը»,- նկատեց նա։
Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Սամվել Կարապետյանի շուրջ կմիավորվեն
այն ընդդիմադիր քաղաքական գործիչները, որոնք ավելի մեծ նշանակություն կտան գումարին։
Նա նաև համարում է, որ Սամվել Կարապետյանը մրցակից է նաև Քոչարյանին՝
պրոռուսական մոտեցում ունեցող հայաստանցիների ձայները վերցնելու տեսակետից: «Չմոռանանք
նաև, որ Սամվել Կարապետյանը իրավական առումով չի կարող լինել ՀՀ վարչապետ, ինքն ինչ-որ
մարդկանց է նշանակելու և ուղիղ չի կառավարելու։ Սա էլ այդքան հաջողված մոդել չէ, քաղաքականության
մեջ նման բան անելը դժվար է։ Այլ հարց է, եթե նա ունենար այնպիսի հեղինակություն, ինչպիսին
Իվանիշվիլին Վրաստանում երկար ժամանակ ունեցել է»,- եզրափակեց նա։
Մանուկյանի դիտարկմամբ՝ քիչ է հավանականությունը, որ Կրեմլը
իր սցենարով կկարողանա Հայաստանում իշխանափոխություն իրականացնել: «Հայաստանի վրա ազդելու
իրենց հնարավորությունները շատ քիչ են»,- եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան