Հրդեհ Իրաքի առևտրի կենտրոնում. կա 50 զոհ

Բաղդադից հարավ ընկած Վասիտ նահանգի իրաքյան Կուտ քաղաքի առևտրի կենտրոնում բռնկվել է ուժեղ հրդեհ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ: Այս մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Մոհամմեդ Ջամիլ ալ-Մայան:


Նահանգապետի խոսքով՝ զոհվածների թվում են տղամարդիկ, կանայք և երեխաներ: Մարզային իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ողբերգության զոհերի կապակցությամբ:


«Մենք ծանր կորուստ ենք կրել. հրդեհի զոհ է դարձել մոտ 50 մարդ։ Տեղական իշխանությունները սկսել են դատական հայցեր ներկայացնել առևտրի կենտրոնի սեփականատիրոջ և բոլոր նրանց դեմ, ովքեր կարող են մասնակից լինել ողբերգությանը»,- հայտարարել է ալ-Մայան։ Նա նաև հավելել է, որ լիազոր մարմինները շարունակում են հետաքննությունը։ Նախնական եզրակացությունները խոստանում են հրապարակել առաջիկա 48 ժամվա ընթացքում։


Նահանգի ոստիկանությունն ու քաղպաշտպանության ուժերը ամբողջովին մոբիլիզացվել են հրդեհի դեմ պայքարի գործում։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքները։