Կարապետյանների տեխնոլոգիան հնացած է՝ չի աշխատի․ ում էլ հավաքագրեն՝ նախկին են լինելու

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ զրուցել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս կայացած ասուլիսում հնչեցրած հայտարարությունների շուրջ։


Վարչապետն ասուլիսի ժամանակ ասել էր,  որ ավելի հավանական է, որ մենք ՀԱՊԿ-ից դուրս կգանք, քան կապասառեցնենք մեր անդամակցությունը։ Վարչապետի այս հայտարարությանն արձագանքել էր ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ասելով. «Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս զարգացնել երկկողմ սերտ հարաբերությունները Հայաստանի հետ, իսկ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Երևանի հնարավոր դուրս գալու հետևանքները ցույց կտա ժամանակը»:


Այս  առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ՝ դա ավելի շատ նման է ափսոսանքի առ այն, որ կարծես թե Հայաստանում որոշում կայացրել են։ Ցավոք սրտի, մենք արդեն երկու-երեք տարի է՝ անընդհատ խոսում ենք այն մասին, որ կարծես թե Հայաստանում որոշում կայացրել են, բայց գործողությունը չենք տեսնում: Այս անգամ էլ Փաշինյանի հայտարարությունը նման չէ գործողություն ծրագրած մարդու հայտարարության, այլ ավելի նման է մի մարդու հայտարարության, ով այնքան էլ չի ցանկանում այդ գործողությունը կատարել, բայց հանգամանքները դասավորվել են այնպես, որ ստիպված է լինելու։ Եվ Մոսկվայից պատասխանն էլ կարծես թե ափսոսանքի տրամաբանության մեջ է»։


Խոսելով նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի այն հայտարարության մասին, որ Հայաստանի շահերից է բխում լինել ՌԴ-ի հետ, և ինքը կարող է թվարկել 20 պատճառ, թե ինչու մենք պետք է լինենք ՌԴ-ի հետ, քաղաքագետն ասաց, որ երբ Արա Աբրահամյանն ասում է, որ կարող է թվարկել 20 պատճառ, արդեն ծիծաղելի է, անկախ նրանից, թե դրանից հետո ինչ է ավելացնելու, ինչ 20 պատճառ է նա ավելացնելու, քանի որ Արա Աբրահամյանի մտավոր կարողություններին քիչ թե շատ ծանոթ ենք, և 20 պատճառ իրար հետևից թվարկելը կարող է շատ աբսուրդային իրավիճակի բերել։


«Եթե մենք ուշադրություն դարձնենք Պեսկովի, Լավրովի, Զախարովայի, յան ազգանունով Ռուսաստանի որոշ մեդիա և փորձագիտական դաշտի ներկայացուցիչների ելույթներին և խոսույթին, ակնհայտ կդառնա, որ նրանք, եթե նույնիսկ ոչ գիտակցված, ապա ենթագիտակցաբար թերագնահատում են Հայաստանի ժողովրդի մտավոր ունակությունները։ Եվ մոտավորապես Հայաստանի ժողովրդի մտավոր ունակությունները չափում են Արա Աբրահամյանի մտավոր ունակություններով»,- հավելեց քաղաքագետը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան