Մարտուն Գրիգորյանի որդին և ևս մեկ անձ հետախուզման մեջ են, «Հացատուն» սննդի կետի տերը՝ տնային կալանքում

Հունիսի 20-ին քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ժամը 01։00-ի սահմաններում Գյումրու Հաղթանակի պողոտայում՝ «Հացատուն» սննդի կետի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն և ծեծկռտուք էր տեղի ունեցել, լսվել էին կրակոցի ձայներ:


Կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ ՀՀ ՔՕ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածներով:


«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 3 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնում է հարուցվել: Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, բացակայելու արգելքը և գրավը, մյուս 2-ի նկատմամբ ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում:


ՀԺ-ի տեղեկություններով, տնային կալանքում է գտնվում «Հացատուն» սննդի կետի տերը՝ Արտյոմ Գրիգորյանը: Հետախուզվողներից մեկը ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին է՝ Կամո Գրիգորյանը, մյուսը Գիրգորյան ընտանիքի քավոր, տարիներ առաջ սպանված «Շեկո» անունով հայտնի անձի որդին՝ Վաչագան Կարապետյանը:


«Շեկո»-ին տարիներ առաջ սպանել է Վարդան Ղուկասյանի եղբորորդին: Ըստ շրջանառվող լուրերի, Մարտուն Գրիգորյանի՝ Ղուկասյանին Գյումրու քաղաքապետ դառնալու հարցում օգնելը սպանվածի որդու համար ընդունելի չի եղել: Ընտանիքներն այս հարցում ունեն տարաձայնություններ, ինչն էլ վերջին կրակոցների պատճառ է դարձել: