«Անվտանգային քաղաքականության հետազոտական
կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանի խոսքով՝ առաջին անգամ չէ, որ Ալիևը հակադրվում է
արևմտյան առաջարկին։ Քաղաքագետը հիշեցնում է, որ Արցախի էթնիկ զտումից մի քանի օր առաջ ԱՄՆ փոխպետքարտուղարի մակարդակով
հայտարարվեց, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի: «Այսինքն՝ առաջին անգամը չէ, որ Ալիևը հակադրվում է ԱՄՆ-ին ու ըստ էության մարսում։
Հիմա իհարկե ԱՄՆ-ում ադմինիստրացիան փոխվել
է, և այն անկանխատեսելի է իր առաջարկությունները մերժելու առումով»,- Civic.am-ի
հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին կոշտ հայտարարությունները
կոմունիկացիաների ապաշրջափակման, Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպման մասին։
Քոչինյանի դիտարկմամբ՝ կարևոր
են նաև տարածաշրջանային երկրների դիտարկումները, ինչպես նաև այն հանգամանքը, թե ԱՄՆ-ն
ինչքանով հետևողական կլինի այս հարցում։ Մեր
զրուցակիցը նաև համարում է, որ Ալիևի հայտարարությունները նահանջ են Աբու Դաբիում գրանցած հաջողությունից ու պոզիտիվ օրակարգից. «Թե ինչ նպատակով է Արդբեջանի ղեկավարը դա անում՝ դժվար է ասել։ Կարող են լինել տարբեր բացատրություններ.
մեկն այն է , որ Ադրբեջանն առաջին անգամը չէ, որ
փորձում է ստանալ ավելին։ Երկրորդ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին
շրջանում բավականին լարվել էին, և չի բացառվում, որ հնարավոր է փորձ արվի զերծ մնալ Հայաստանի հետ կարգավորումների
գնալուց։ Եվ երրորդը՝ ամենահոռետեսականը, այն է, որ Ադրբեջանի նախագահը չի էլ պատրաստվում
մեզ հետ որևէ համաձայնության գալ»։
Արեգ Քոչինյանը նշում է, որ
Ադրբեջանը միաժամանակ պատրաստվում է բոլոր
տարբերակներին՝ «պատերազմ», «խաղաղություն», «ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ»:
«Թե որը կընտրեն՝ կախված է և՛ մեզանից, թե ինչ աստիճանի դիմադրունակություն ու կոմպրոմիսային
հնարավորություն կլինի, և թե՛ նաև միջազգային կոնյունկտուրայից»,- ասաց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
տեսանյութում
Մարիամ Գրիգորյան