ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
երեկ ներկայացրել է ծրագիր, թե ինչպես է վեհարանն
ազատելու Կտրիճ Ներսիսյանից։ Նա մասնավորապես գրել է. «Կտրիճ Ներսիսյանից
ազատում ենք վեհարանը։ Որևէ ամուսնացյալ բարեվարք քահանա նշանակվում է Կաթողիկոսական
տեղապահ, ով, բնականաբար, չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին»։
Այս առնչությամբ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։
«Բնականաբար չեմ կարող ասել՝ շատ մոտ ժամանակների մասին ենք խոսում ինչ-որ պրոցեսի, համենայնդեպս, կապրենք՝ կտեսնենք։ Այն ծրագիրը, որը ներկայացրել է վարչապետը, բնականաբար մենք կտեսնենք ժամանակի ընթացքում, նաև դրա ժամանակային դրսևորումը։ Այսինքն՝ նաև կտեսնենք, թե կոնկրետ որ ժամանակաշրջանում գործողություններից որն է իրականացվելու։ Ինչևէ, չեմ կարծում, որ նաև շատ երկար ժամանակի մասին է խոսքը։ Համենայնդեպս, մի բան հստակ է՝ Վեհարանը վեհի՛, և Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեկնաբանելով նաև ՀՀ առաջին նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանի երեկվա գրառումները առ այն, որ ահաբեկչության և իշխանության յուրացման
մեղ մեղադրվող Բագրատ Գալստանյանը, Միքայել Աջապահյանը և Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալներ
են, ինչպես նաև վարչապետին ուղղված կոչը՝ չանել հանրահավաք Վաղարշապատում՝ արյունահեղությունից
խուսափելու համար, պատգամավորն ասաց, որ իրականում այս
ահաբեկիչների կտորն իրեն ստիպում է մտածել, որ, պատկերավոր ասած, առաջին նախագահի հեռախոսը
գողացել են, բայց երբ նա սկսում է գուժել քաոս, ամբոխային դրսևորումներ, քաղաքացիական
պատերազմ և այլն, այդտեղ արդեն թվում է, որ հեռախոսը վերադարձրել են։
«Եթե այս մարդիկ քաղբանտարկյալներ
են, ապա քաղբանտարկյալներ են եղել նաև 94-95 թվականներին բացահայտված «Դրոյի» և «31-ի» գործով
անցնող և ապա դատապարտված դաշնակցականները։ Հիշում ենք՝ այդ գործերը բացահայտվել են
Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք։ 31-ի գործն առհասարակ իր մեջ դրվագ էր պարունակում,
որ մահափորձ պետք է արվեր Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան