Մոսկվան ցանկանում է Հայաստանում հաստատել թույլ, իրեն հնազանդվող իշխանություն

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանին մտահոգում է այն հանգամանքը, որ  Երևանն ու Բաքուն սկսել են իրար հետ ուղիղ խոսել, և ապաշրջափակման հարցը հնարավոր է լուծվի առանց իր մասնակցության: «Այն եռակողմ համաձայնությունը, որ գոյություն ուներ 2020 թվականի նոյեմբերից, լուրջ ռիսկի տակ է։ Դրա մասին են վկայում այն նախնական պայմանավորվածությունները, որ կան Երևանի ու Բաքվի միջև, որոնք չեն ենթադրում  որևէ երրորդ կողմի մասնակցություն հակամարտության հաղթահարման բոլոր ուղղություններում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Նավասարդյանը կարծում է,  որ Ռուսաստանի համար կարևորագույն խնդիր է հաղորդակցությունների հարցը, 2020 թվականի  համաձայնության 9-րդ կետը հենց այդ  մասին է. «Եռակողմ միջկառավարական  ձևաչափում ընդգրկված էին Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը ու ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Դա միակ ձևաչափն էր, որը ֆորմալ մակարդակով դեռ պահպանվում էր, մնացած հարցերից ՌԴ-ն դուրս է մղված»։


Մեր զրուցակիցը նշում է, որ  ՌԴ պաշտոնական հայտարարությունները  վկայում են, որ Մոսկվան մինչև այժմ էլ առաջարկում է իր ծառայությունները, բայց դրանցից օգտվելու ցանկություն ունեցող չկա. «Ռուսաստանի վերջնական դուրսմղումը կարող է տեղի ունենալ, եթե զարգացումներ լինեն ԱՄՆ-ի՝ առայժմ ոչ մասնավորեցված, ընդհանուր առաջարկի հետ կապված։ Դա կնշանակի, որ ամեն դեպքում բոլոր հարցերը կլուծվեն հայ-ադրբեջանական ձևաչափում, բայց աջակցություն կլինի և՛ ԱՄՆ-ի և՛ Եվրամիության կողմից»։


Բորիս Նավասարդյանը հակված չէ այն տեսակետին, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանում իշխանափոխություն իրականացնել։ Ըստ նրա՝ առավել հավանական է, որ ՌԴ-ն ցանկանում է Հայաստանում հաստատել թույլ, իրեն հնազանդվող իշխանություն։



Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան