«Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ ցանկացած գործընթաց, որը ՌԴ-ի ընկալմամբ հակասում է իր իմպերիալիստիկ շահերին, միտված է իր աշխարհաքաղաքական դիրքի զիջմանը և իրենց համար անընդունելի է: «Եթե խոսք է գնում Հայաստանի կամ նախկին ԽՍՀՄ պետությունների անկախ գործելակերպի մասին, միանգամից Ռուսաստանի կողմից դժգոհության է արժանանում։ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ մնա տարածաշրջանում ակտիվ դերակատար»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ն հասկանում է, որ այժմ ակտիվ դերակատար
մնալու ունակություն ու ռեսուրս չունի: «Օբյեկտիվորեն հայ-ադրբեջանական հակամարտության
կարգավորումը նշանակում է, որ ՌԴ-ն դուրս է մնում։ Ցանկացած կայսրություն փորձում է
փոքր երկրներին պահել իր ազդեցության տիրույթում»,- նկատեց նա։
Իրավապաշտպանը կարծում է, որ այսօր ընդդիմության պլան մաքսիմումն
իշխանությունը վերցնելն է՝ թալանածը պահելու համար: «Բայց ժողովուրդը հիմար չէ, ես
չեմ ուզում թերագնահատել մեր ազգի մտավոր կարողությունները»,- ասաց նա և հավելեց, որ
միևնույն ժամանակ կարող է լինել պլան մինիմում՝
նորից զբաղեցնել երկրորդ տեղը և պահպանել քաոտիկ միջավայր։
Էդգար Խաչատրյանի դիտարկմամբ՝ ՌԴ-ի կողմից հիբրիդային պատերազմը
շարունակվում է, տեղի ազդեցության գործակալներն էլ իրենց գործողություններով ակտիվորեն
օգնում են. «Այն մոդելը, որ ՌԴ-ն աշխատեցրել է Վրաստանում, Մոլդովայում, կփորձի աշխատեցնել
նաև Հայաստանում՝ լինի դա Սամվել Կարապետյանը, թե հետո մեկ այլ ուժ ի հայտ կգա՝ հայտնի
չէ։ Իհարկե այդ մոդելն իրագործելու են, որովհետև այն բավականին էֆեկտիվ է ու լավ դրսևորեց
իրեն Վրաստանի պարագայում՝ Իվանիշվիլիի հետ կապված։ Մենք պետք է սահմանափակենք ռուսական
հնարավորությունները ներսում։ Անընդհատ խոսում ենք, բայց որևէ բան չի փոխվում, դա զայրացնում
է»։
Նրա խոսքով՝ եթե հիբրիդային հարձակումներից չպաշտպանվենք, մեծ
է հավանականությունը, որ ՌԴ-ն կհասնի հաջողության։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան