«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանի
կարծիքով՝ Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվող ուժը նոր լինելու շանս ունենալ չի կարող:
«Դա առաջին հերթին ապացուցում
է հենց ինքը՝ Նարեկ Կարապետյանը, ներկայացնելով, թե ինչպիսին պետք է լինի այդ ուժը։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ
այդ ուժի ղեկավարը Սամվել Կարապետյանը չի կարող լինել իր բազմաքաղաքացիության պատճառով։
Տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ կարող են հավաքվել, բայց նրանք չեն կարող քաղաքական
կուսակցություն լինել։ Նրանք պետք է գաղափարներ ու քաղաքական հայացքներ ունենան»,-
Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե հաշվի առնենք, թե որտեղից է ուղղորդվում Սամվել
Կարապետյանը, բացարձակապես որևէ նորություն լինել չի կարող. «Առավել ևս՝ Նարեկ Կարապետյանն
առիթ է ունեցել հանրությանը ներկայացնելու որոշ մանրամասներ, թե ինչպես պետք է զարգանա
Հայաստանի տնտեսությունը։ Ես իսկապես շնորհակալ եմ տեսակետի համար, որովհետև նա խոսում
էր դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության մասին։ Հասկանանք, թե ինչպես է Նարեկ Կարապետյանը
պատկերացնում դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը։ Նա պատկերացնում է այսպես՝ այն բոլոր
ապրանքները, որոնք չեն ընդունվում Ռուսաստանի Դաշնություն, պետք է փորձենք ուղղորդել
Հորդանան, Իրան, Արաբական աշխարհ, բայց որևէ խոսք չկա այն մասին, որ այն բոլոր ապրանքները,
որոնք չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին, անենք որևէ քայլ զարգացման համար։
Դուք այստեղ տեսնո՞ւմ եք ՀՀ տնտեսության զարգացման որևէ շանս»։
Խոսելով Սամվել Կարապետյանի ու Բագրատ Սրբազանի կողմից ներկայացվող
դատական հայցերի մասին՝ Անահիտ Ադամյանը նկատեց՝ «Կրթվելը նորաձև է» շարժմանը զուգահեռ
ձևավորվում է նոր շարժում՝ իրենց ոչ հաճո գործիչներին դատի տալը. «Որոշակի թվով մարդկանց
պարբերաբար դատի տալը դարձել է Հայաստանի Հանրապետությունում խոսքի ազատությունը հերքելու,
ճնշելու միջոց»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան