ՀՀ գլխավոր դատախազությունը
հայցեր է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արտաշատ համայնքի և պահանջում
է անվավեր ճանաչել ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ, որդու միջև կնքված հողամասերի առուվաճառքի պայմանագրերը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Ըստ
հայցերից մեկի, որը Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ս.թ. հուլիսի 22-ին, Դատախազությունը պահանջում
է ճանաչել Մխչյան համայնքի ղեկավարի 07.02.2003 թվականի թիվ 25 որոշման առ ոչինչ լինելը
և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Ջուլիետա Աբրահամյանի միջև 15.01.2008 թվականին
կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Ջուլիետա Աբրահամյանի անվամբ
17.01.2008 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել։
Մեկ այլ հայցով էլ, որը նույնպես
վերոհիշյալ դատարանն ստացել է հուլիսի 22-ին, Դատախազությունը պահանջում է ճանաչել
Մխչյան համայնքի ղեկավարի 22.09.2004 թվականի «Հողամասը աճուրդով վաճառելու մասին»
թիվ 12 արձանագրության առ ոչինչ լինելը և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Արգամ
Աբրահամյանի միջև 02.11.2004 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արգամ
Աբրահամյանի անվամբ 04.11.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումը։ Նշենք, որ այս գործով դատախազությունն ավելի վաղ՝
2023-ին, դիմել էր Վարչական դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 23-ի իր որոշմամբ վերահասցեագրված գործն ուղարկել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատությունը/ենթակայությունը
որոշելու համար:
Դատախազության երրորդ հայցն էլ Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004 թվականի թիվ
87/5 որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք՝ Մխչյանի գյուղապետի և Արգամ
Աբրահամյանի միջև 02.11.2004 թվականին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը և Արգամ
Աբրահամյանի անվամբ 04.11.2004 թվականին կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր
ճանաչելու պահանջի մասին է։
Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը դեռ 2023-ին էր Վարչական դատարան դիմել՝ պահանջելով
անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած
մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից
հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ։
Ըստ Դատախազության՝ Արարատի մարզի
Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուր
40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետի որդուն։ 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ հողամաս էլ
օտարել է Աբրահամյանի կնոջը։ Համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ,
քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային
նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային
նշանակությունը փոփոխելուց հետո:
Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի
համաձայն, ի թիվս այլնի, արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության
իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը,
որոնք զբաղեցված են ընդհանուր օգտագործման արոտավայրերով, անասունների անցատեղերով,
ճանապարհներով, բնական ջրհորներով, աղբյուրներով և տեղական ինքնակառավարման մարմինների
որոշմամբ այլ օբյեկտներով:
2001թ. հոկտեմբերի 30-ին էլ նույն
մարզի Նարեկի համայնքապետը 120 հա հողամաս օտարել է «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ին: Այդ հողամասը
ներառում է արոտավայրեր, որոնք որպես ոչ օտարման ենթակա հողամասեր ընդգրկված են Հողային
օրենսգրքի սահմանափակումների ցանկում և ենթակա չեն օտարման: «Հետք»-ը գրել էր, որ տարիների
ընթացքում այդ հողամասերը դարձել են այգի: Տարածքում նույնիսկ փոքր ջրամբար է կառուցվել,
որպեսզի այգիները պատշաճ ոռոգվեն:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանը
ծնունդով Մխչյան համայնքից է։