Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման մասով հանրային իրազեկման միջոցառումները շարունակվում են

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ անտառներում և բուսածածկ տարածքներում հնարավոր հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, արագ արձագանքման, հրդեհների դեմ պայքարի, դրանց տարածման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները շարունակվում են:


Հուլիսի 30-ի դրությամբ հանրապետության ողջ տարածքում իրազեկման գործընթացում ներգրավվել է 2502 փրկարարական ծառայող։


Փրկարար ծառայության ստորաբաժանումների ծառայողները մայրաքաղաքի և մարզերի 5574 օբյեկտներում, հանրային վայրերում և անտառամերձ տարածքներում բարձրախոսներով և անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացրել են իրազեկում:


Մարդաշատ վայրերում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ փակցվել է 9088 պաստառ և տարածվել՝ 3289 թռուցիկ: 


Միևնույն ժամանակ, հանրային հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում հնարավոր հրդեհներին արագ արձագանքելու նպատակով նախանշված վայրերում 281 մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն՝ հիմնականում ամենագնաց տեխնիկայի ներգրավմամբ։


Փրկարարական ծառայողների և էկոպարեկների համատեղ ուժերով անտառածածկ և բուսածածկ տարածքներում իրականացվել է հրդեհային իրավիճակի մշտադիտարկում: 


Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, լինել զգոն և ցուցաբերել պատասխանատվություն: Նույնիսկ ամենափոքր անուշադրությունը կարող է հանգեցնել մեծածավալ հրդեհների:


Հրդեհի վտանգ ներկայացնող ցանկացած իրավիճակի դեպքում անմիջապես զանգահարե՛ք 911 հեռախոսահամարին: