Սամվել Կարապետյանը՝ անելանելի վիճակում․ գործ ունենք քաղաքական «գաստրալյորության» հետ

Ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանը, ինչպես հայտնի է,  հայտարարել է նոր քաղաքական ուժ  ձևավորելու մասին, այն դեպքում, երբ ՀՀ-ում շուրջ 130 կուսակցություն կա գրանցված,  քաղաքական դաշտում էլ «ջրերը» հնարավորինս պարզված  են՝ հայտնի է, թե, պատկերավոր ասած,  ով որ «գետի»  «վտակն» է, որտեղից է «հոսում», ում «մարգն է ջրում»  և վերջապես՝ ուր «թափվում»։


Քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի հետ civic.am-ը զրուցել է նոր ձևավորվելիք կուսակցության մասին, մասնավորապես, թե հիշյալ նոր ուժը  քաղաքական դաշտի ո՞ր կիսադաշտում է դիրքավորվելու՝ պրոռուսական արտաքին կողմնորոշմա՞ն,  պրոարևմտյան, թե՞ «երրորդ ուժ» դառնալու հավակնություն կցուցաբերի։  


Ըստ Սաֆարյանի՝ Կարապետյանը Ռուսաստանի ուղղորդմամբ է որոշել քաղաքական հայտ ներկայացնել, և պատահական չէ, որ հենց այս ժամանակաշրջանում։ «Գիտե՞ք որն է պարադոքսը. մենք այստեղ գործ ունենք «Ռուբեն Վարդանյան-2» կամ «Բիձինա Իվանիշվիլի-2» օպերացիայի հետ, և դրա մասին էին Սամվել Կարապետյանի հենց առաջին հրապարակային ուղերձները, որտեղ նա խոսում էր փչացված հայ-ռուսական հարաբերությունները վերականգնելու մասին։  Այսինքն՝ գործ ունենք քաղաքական գաստրոլյորության հետ։ Սամվել Կարապետյանը տասնամյակներ շարունակ այն անձը չի եղել, որին հետաքրքրել է քաղաքականությունը՝ անձամբ մասնակցության տեսակետից։ Նա երբեք չի նախընտրել առաջին դեմքով հանդես գալ, նա կարող էր լավագույն դեպքում աջակցել քարոզչապես, ֆինանսապես, իր ունեցած բոլոր ռեսուրսներով։ Բայց եթե նա որոշել է մտնել քաղաքականություն, քաղաքական ուժ ստեղծելու մասին է խոսում, սա վկայում է նրա անելանելի վիճակի մասին։ ՀՀ-ն շատ ավելի անելանելի վիճակում եղել է 44-օրյա պատերազմից հետո, սակայն Կարապետյանը կարծես թե առանձնապես չի փորձել փրկել  բուն պարտության հետևանքների տակ հայտնված երկիրը, որը ներքին կայունության խնդիր ուներ, քաղաքական ճգնաժամ էր, բանակը,  այսպես ասած, կազմալուծված վիճակում էր»,- նկատեց քաղաքագետը՝ հավելելով, որ  այդ ժամանակ հայրենիքը ռուսաստանցի օլիգարխի  համար,  չգիտես ինչու,  փրկելու ենթակա չէր։


«Սամվել Կարապետյանը քաղաքական թատերաբեմ իջավ այն ժամանակ, երբ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ ստորագրել է ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, երբ ՀՀ-ի ռազմաքաղաքական անվտանգությունը մի քանի քայլով բարձրացել է 2020 թվականի համեմատությամբ, և ՀՀ-ն համեմատաբար ավելի քիչ խոցելի է, քան 44-օրյա պատերազմից անմիջապես հետո»,- հավելեց մեր զրուցակիցը։   

 

Ս. Սաֆարյանի հետ զրույցն առավել մանրամասն՝ տեսանյութում։  

Հեղինե Մանուկյան