Երեկ տեղեկություն տարածվեց, որ ռուսերեն տեքստով շարադրված նամակներով
փորձում են հավաքագրել հայտնի մարդկանց, բլոգերների, որպեսզի այլ իրականություն ստեղծեն
Հայաստանում և ապատեղեկատվություն տարածեն։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Հանուն Հանրապետության» կուսակցության
փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։
«Ինձ դա հիշեցնում է մի հին անեկդոտ՝
թոռնիկների և տատիկի մասին։ Երբ տատիկին հարցնում են՝ երեխաները ոնց են ծնվում, տատիկն
ասում է, որ երեխաներին արագիլներն են բերում, և փոքրը մեծին ասում է՝ ասե՞նք, թե՞
տենց միամիտ էլ թող մնա. այ մոտավորապես հիմա էս բանի մասին է խոսքը։ Այսինքն՝ երբ
մեր ԱԺ նախագահն ուղիղ տեքստով խոսում է հիբրիդային պատերազմի մասին, որը Ռուսաստանն
է մեզ հայտարարել, սա ընդամենը դետալներից մեկն է։ Մեր պետության մեջ չկա ընկալում՝
ինչ անել հիբրիդային պատերազմի դեպքում, չկա համակարգ, չկա ինստիտուտ, որը զբաղվի դրանով»,-
ասաց Ռուբեն Մեհրաբյանը։
Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի
դատավոր Վազգեն Ռշտունու որոշմամբ հեղաշրջման պլանի քրեական վարույթով կալանավորված
Հրայր սարկավագ Հակոբյանը պետք է ազատ արձակվի։ Հրայր սարկավագ Հակոբյանի խափանման
միջոցը փոխվել է բացակայելու արգելքով և վարչական հսկողությամբ:
Այս առնչությամբ մեր զրուցակիցն
ասաց, որ ինքը մինչև հիմա, որպես հարկատու, հարց է տալիս՝ ինչու ինքը պետք է հարկեր
վճարի, որ այդ դատավորն աշխատավարձ ստանա։ Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է դատական
իշխանության խաղի կանոնները սահմանի, և այդ սահմանված խաղի կանոնները խախտածները պետք
է հեռացվեն դատարաններից, դա կոչվում է վեթինգ, առնվազն։
«Մեզ հայտարարված է պատերազմ,
և պետությունը պարտավոր է այդ մարտահրավերն ընդունել և պաշտպանել հասարակությանը, պաշտպանել
իր քաղաքացիներին այս ժանտախտից. դա պետության պարտավորությունն է, ուրիշ որևէ մեկը
չի կարող դա անել: Ձեզ մանդատ են տվել հենց դրա համար, այլ ոչ թե դնեք բացատրեք, թե
ինչքան վատն է դատավոր Պողոսը։ Դատավոր Պողոսը մյուս վատ բանը կանի, էնքան կանի՝ քանի
դեռ էդ մուրճը ձեռից չեք առել։ Դատական իշխանության անկախությունը որն ա. դատական իշխանությունն
անկախ է իր անկախ որոշումների համար, դատական իշխանությունն անկախ չէ բեսպրեդելի համար,
անկախ չէ տրամաբանությանը, օրենքին և հանրային անվտանգությանը դեմ գնալու համար։ Պետությունը
պետք է խաղի կանոնները սահմանի»,- հավելեց Ռուբեն Մեհրաբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան