Համայնքի մանկապարտեզների հերթերը շուտով կվերանան․ Արգիշտի Մեխակյանը՝ ծրագրերի մասին

Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանն արդեն ծանոթացել է համայնքի խնդիրներին, մասամբ գույքագրել են նաև բնակիչների կողմից առաջ քաշված հարցերը: «Կան խնդիրներ, որոնք մեր ենթակայությամբ լուծվող խնդիրներ չեն, օրինակ՝ խմելու և ոռոգման ջրի խնդիրները, բայց դրանք նույնպես գույքագրում, ներկայացնում ենք պատկան մարմիններին, առաջարկում մեր աջակցությունն ու օժանդակությունը, որ դրանք ևս հնարավորինս շուտ լուծում ստանան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մեխակյանը նոյեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններում գլխավորելու է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, վստահեցնում է՝ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի ստանան բացարձակ մեծամասնություն և քաղաքը  ղեկավարեն առանց կոալիցիոն կառավարության. «Դա առաջին հերթին կլինի ի շահ մեր բնակչության, որովհետև փորձը ցույց է տալիս, որ կոալիցիոն կառավարությունն ունենում է իր խնդիրները։ Որոշակի ժամանակ հետո մարդկանց ամբիցիաներից ելնելով մի ամբողջ համայնքի մեծ ծրագրեր կարող են չիրականացվել։ Հետևաբար մենք ամեն ինչ անելու ենք, որ բացարձակ մեծամասնությամբ կառավարում ունենանք համայնքում, որ  շարունակենք այն բոլոր բարեփոխումները, որ սկսվել են, զուգահեռաբար մշակենք համայնքի զարգացման նոր ռազմավարություն իր բոլոր ենթածրագրերով»։


Մեր զրուցակիցը նշում է, որ այս պահին համայնքապետարանում մեծ փոփոխություններ չի իրականացրել, սակայն առաջիկայում լավ որակներ ցույց տված աշխատասեր կադրերը կունենան մասնագիտական աճի հնարավորություն, թիմը կհամալրվի պրոֆեսիոնալներով։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում