Մատենադարանը կպատսպարի Պաղեստինում վտանգված մշակութային արժեքները

Հուլիսի 29-ին Նյու Յորքում ընթացող «Երկու պետություն սկզբունքի հիման վրա Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորմանը» նվիրված նախարարական համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել նաև ՀՀ ԱԳ տեղակալը։ Վահան Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանը, սեփական պատմության հիշողությունից ելնելով, շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմի սարսափը։ Նա ընդգծել է, որ չնայած սահմանափակ ռեսուրսներին՝ Հայաստանը Եգիպտոսի հետ միասին մարդասիրական օգնություն է հասցրել Գազա՝ կարիքի մեջ գտնվող պաղեստինցի ժողովրդին ձեռք մեկնելու նպատակով:


«Ցանկանում եմ հայտարարել, որ մենք Պաղեստինի հետ պայմանավորվածության ենք հասել, որպեսզի Մատենադարանը՝ մեր հին ձեռագրերի ինստիտուտը, ժամանակավորապես ապաստարան դառնա վտանգված պաղեստինյան մշակութային ժառանգության համար։ Հայաստանը նաև կարևորում է երկու պետություններում քրիստոնեական համայնքների անվտանգության և իրավունքների լիարժեք իրացման ապահովումը։ Որպես աշխարհի հնագույն քրիստոնյա ազգերից մեկը՝ մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս Սուրբ երկրում քրիստոնեական ժառանգության պահպանմանը»,- իր ելույթում նշել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը։