«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի դեմ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ստեփան Սամվելյանի դեմ քրեական դատարանում մեկ այլ գործ էլ կա, որը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է այս տարվա մարտի 11-ին։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Ստեփան Սամվելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականության, պետության ներքին ու արտաքին խնդիրներին տրվող լուծումների և ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից դրանց ներկայացուցիչների, ինչպես նաև իշխանության համախոհների նկատմամբ տրված գնահատականների հետ, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2024 թ. ապրիլի 8-ին «hayeli.am» կայքի յութուբյան էջի «Արարատցիները հունից դուրս են եկել, ասել են՝ Նիկոլից զզվում են. քաղաքացի» վերտառությամբ եթերի ժամանակ տեսանյութի տարբեր ժամանակահատվածներում անձանց խմբի նկատմամբ քաղաքական, ինչպես նաև նրանց գործունեության բարոյական և իրավական առանձնահատկությունների հանգամանքներով պայմանավորված, կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ։
Մասնավորապես տեսանյութի 09:33 րոպե-վայրկյանին
հայտարարել է. «Ես անձամբ կոչ եմ անում, կոչ եմ անում,
թե չէ ամեն օր դնել ասել այ նախկինները, նախկինները, «նախկին» բառերը արդեն զզվացրիք,
դուք զզվացրեցիք, բոլոր, մեկը, որ մի բան խոսում ա բռնում են ձերբակալում են, քաղբանտարկյալ,
էս կողմ էն կողմ, այ տականքներ, դուք ինչի համար եք եկել, ինչի համար եք եկել, դուք
սպանել եք մեր մոտ բոլոր ադաթները, ամենակարևորը ադաթներն եք սպանել, թալանում ու գողանում
եք, կներեք ժողովուրդ ջան, էկեք վաղը սրանց սատկացնենք, վռնդենք, դատախազություն, թող
որոշի, կամ ուր ա ընդե դատախազ, դատաղազ ա»։
Այս գործով արդեն մի քանի նիստ է կայացել,
վերջին նիստն էլ նշանակված էր հուլիսի 8-ին, սակայն չի կայացել՝ մեղադրյալի վատառողջ
լինելու և դատարանի ծանրաբեռնվածության պատճառով։
Հ. Մ.