Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է կրկին հիշեցրել իր մասին և օրերս տված իր հարցազրույցում
մի շարք վիճահարույց, մանիպուլյատիվ ձևակերպումներ հնչեցրել ՀՀ-ին վերաբերող թերևս
ամենազգայուն և պրոբլեմատիկ հարցի՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ։
Ինչն է հետաքրքիր՝ Քոչարյանը, որի օրոք, ի դեպ, քննարկվում էր Մեղրիով Լաչինի միջանցքի փոխարեն Ադրբեջանին, իր ձևակերպմամբ, «սուվերեն անցում» տալու հարցը, գործածելով ՀՀ-ի համար մերժելի ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցք», նշել է. «Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի թեման նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ի հայտ է եկել Ադրբեջանի պահանջով՝ որպես Լաչինի միջանցքին ասիմետրիկ տարբերակ։ Լաչինի միջանցքի փակումից հետո այդ թեման այլևս չպետք է գոյություն ունենար»։
Civic.am-ի հետ զրույցում իրավագետ Արտաշես
Խալաթյանն անդրադառնալով Քոչարյանի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի «սեփական
ինտերպրետացիային», ինչպես նաև «միջանցքի»
թեմայով դիտարկումներին, նկատեց՝ Ռոբերտ Քոչարյանն այսպիսով բացահայտում է, որ ինքը գաղափարական իմաստով միշտ
էլ կողմ է եղել ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի ժամանակ միշտ հնչած՝ Լաչինի
միջանցքի վերաբերյալ պահանջին։
«Ինքը ըստ էության բացահայտում է, որ կողմ
է եղել Լաչինի միջանցքի գոյության դիմաց՝ որպես Արցախն ու Հայաստանը կապող «արտերիա»,
Հայաստանի կողմից Սյունիքով Ադրբեջանին «սուվերեն միջանցքի» տրամադրմանը, և, ըստ էության,
Քի Ուեսթում և հետագա բանակցային շրջափուլում հենց դա է քննարկվել, և Ադրբեջանն է,
որ պահանջել է առավելագույնը և վերջում դրանից հրաժարվել է։ Այսինքն՝ Քոչարյանը բացահայտում
է, որ բանակցային այն ժառանգությունը, որը հասել է այս իշխանություններին, նաև իր մեղքով
է եղել այդքան վատը և այդքան անհույս։ Էստեղ մենք ավելի շատ գործ ունենք սեփական՝ առնվազն
պատմական և քաղաքական պատասխանատվությունը անուղղակիորեն ընդունելու ակտի հետ, թեկուզ
և Քոչարյանը չի գիտակցել, թե ինչ է ասել, որ՝ սրանով իսկ իր մասին է ցուցմունք տվել»,-
նկատեց մեր զրուցակիցը։
Խալաթյանի խոսքով՝ երկրորդ նախագահն ընդունում է, որ նոյեմբերի
9-ի փաստաթղթում 9-րդ կետը մտցնելը եղել է Ադրբեջանի կողմից իր՝ Քոչարյանի ժամանակ
«չվերցրածը երբևէ վերցնելու փորձ»։ «Եվ ստացվում է այնպես, որ Քոչարյանը չի նայում
նոյեմբերի 9-ի բուն փաստաթղթի տեքստին, այլ կարծես տողատակեր է բացահայտում, որը կարող
է լինել միայն մի դեպքում, եթե Քոչարյանը քաջատեղյակ է եղել այն խորքային, հիմնարար
կոնցեպտին, որը ընկած է եղել թերևս 1998 թվականի հեղաշրջումից հետո տեղի ունեցած բանակցային
գործընթացի հիմքում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Արտաշես Խալաթյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։