աՔաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝ հիմնական ինտրիգն այն է, թե ԱՄՆ-ն ինչքանով ջանքեր
կգործադրի, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի մինչև երկարաժամկետ կայուն խաղաղություն
հաստատվի և ճանապարհի բացման հարցում պայմանավորվածություն ձեռք բերվի: «Չհաստատված լուրեր կան,
որ այս ուրբաթ Վաշինգտոնում կարող է հանդիպում լինել՝ մի կողմից Թրամփի ու Նիկոլ Փաշինյանի,
մյուս կողմից՝ Թրամփի ու Ալիևի միջև... նրանք կարող են համատեղ հայտարարությամբ հանդես
գալ։ Պետք է նկատի ունենալ, որ Դոնալդ Թրամփը շատ է սիրում ուշադրության կենտրոնում
լինել՝ նաև որպես խաղաղարար։ Ես, սակայն, չեմ բացառում, որ նա լուրջ ճնշում չգործադրի
Ադրբեջանի վրա, որպեսզի Ալիևը առաջխաղացում գրանցի։ Թրամփին ավելի շատ շոուն է պետք,
քան իրական գործընթացները»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մանուկյանի դիտարկմամբ՝ եթե անգամ հանդիպումը լինի, Թրամփը տեսախցիկների առաջ ցույց
կտա, որ իր շնորհիվ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չկա, նրանք նույնիսկ
երկարաժամկետ խաղաղության հասնելու շեմին են: «Այսինքն՝ ավելի շատ եղած համաձայնությունները
իր աշխատանքի արդյունք ներկայացնելու միջոցառում կարող է լինել։ Ամեն դեպքում՝ դա ավելի
լավ է Հայաստանի համար, քան այն, որ Թրամփն ընդհանրապես հետաքրքրություն չցուցաբերեր
այս տարածաշրջանի նկատմամբ»,- նկատեց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանը չի հրաժարվելու Հայաստանում սահմանադրական փոփոխություններ
իրականացնելու նախապայմանից. «Իհարկե, եթե ԱՄՆ-ն լուրջ ճնշում գործադրի՝ հնարավոր է,
բայց ես չեմ սպասում, որ Թրամփը կգնա դրան ու լուրջ ճնշում կգործադրի»։
Հրայր Մանուկյանը համարում է, որ Հայաստանում ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ
են ճանապարհների ապաշրջափակմանը, քանի որ գործընթացը ռուսական ազդեցության տիրույթում
չէ: «Հիմնական դերակատարները փորձում են Ռուսաստանից ինչ-որ բան պոկել՝ Հայաստանի քաղաքական
դաշտում ներկայություն ունենալու համար»,- եզրափակեց նա։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում