Կարապետյան ընտանիքի թեզերը հուշում են, թե որքան արհեստական են ներմուծված ՀՀ քաղաքական դաշտ

Ռոբերտ Քոչարյանն ու նրան աֆիլացված ուժերն ու իր կողմից ղեկավարվող խմբակցությունն անընդհատ խոսում են, որ ՀՀ-ն չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, մասնավորապես՝ 9-րդ կետը, բայց որևէ անգամ նրանք չեն խոսում այն մասին, որ այդ նույն հայտարարության կետերը խախտվել են մյուս երկու կողմերի կողմից և անընդհատ են խախտվել։ Հետևապես առանձնապես կարիք չկա մանրամասն մեկնաբանելու Քոչարյանի և նրա կողմից ղեկավարվող խմբակցության տեքստերը, որոնք ՀՀ շահերից չեն բխում։ 


Այս մասին civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական  պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում արված՝ եռակողմ հայտարարության 9-րդ կետի վերաբերյալ մանիպուլյատիվ ձևակերպումներին։ Բադալյանի խոսքով՝ այդ նույն հարցազրույցում Քոչարյանը վերստին ՀՀ-ին էր մեղադրում 44-օրյա պատերազմը սանձազերծելու մեջ։ «Սա, եթե դիտարկենք ՀՀ տեսանկյունից, մեղմ ասած, թշնամական վարքագիծ է սեփական պետության նկատմամբ»,- նկատեց Բադալյանը։  



Անդրադառնալով կալանքի տակ գտնվող ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք կուսակցությանը, դրա վերաբերյալ Քոչարյանի կողմից «ավանսով» հնչեցված  դրվատանքին, ինչպես նաև հարցին՝ հնարավո՞ր է 2026-ի ընտրություններին Քոչարյանն ու Կարապետյանը մասնակցեն դաշինք կազմելով, մեր զրուցակիցը նկատեց. «Իհարկե, բացառել պետք չէ։ Այո, ամենայն հավանականությամբ, եթե ոչ Քոչարյան-Կարապետյան, ապա նմանատիպ մի դաշինք կստեղծվի։ Ի վերջո, Սամվել Կարապետյանի շուրջ հավաքվելու են բոլոր նախկին իշխանությունների ներկայացուցիչները, կամ նրանք, ովքեր ինչ-ինչ առումներով կապեր են ունեցել նախկին իշխանությունների հետ, և ակնհայտ է, թե ինչպիսի քաղաքական թիմ է ձևավորվելու։ 


Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ռեյտինգին՝ ըստ հարցումների, չնայած թույլ տվեք այս ռեյտինգների վերաբերյալ սոցհարցումներին խորը վստահություն չհայտնել, ապա ասեմ, որ թե Փաշինյանը, թե մեր քաղաքական թիմը շեշտը չեն դնում ռեյտինգի վրա, չնայած որ մենք առջևում ունենք ընտրություններ, և, բնականաբար, մեր հեղինակությունը պետք է բարձր լինի, որպեսզի մենք կարողանանք ընտրություններին մասնակցել և հաղթել։ Քանիցս նշել եմ և կրկնում եմ այժմ էլ՝ մեզ համար ռեյտինգից շատ ավելի ու ավելի կարևոր է ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչի համար մենք պայքարում ենք, ինչպես նաև ՀՀ անվտանգությունը։ Այսինքն՝ եթե այդ մեծ նպատակները իրականություն դարձնելու համար մեր որոշ գործողություններ պիտի վնասեն մեր ռեյտինգին, ապա մենք կնախընտրենք ռեյտինգի իջեցումը, բայց միևնույն է՝ մեր սերունդներին կթողնենք ավելի ապահով, տնտեսապես զարգացած և ավելի քաղաքակիրթ պետություն»։  



Լուսինե Բադալյանի հետ զրուցել ենք նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՌԴ-ի կողմից հումանիտար օգնություն բաժանելու, դրա քարոզչական նպատակների, Ջենիֆեր Լոպեսի համերգը  ՀՀ կառավարության դեմ հակաքարոզչություն իրականացնելու նպատակով օգտագործելու հնարքի և այլ հարակից հարցերի մասին։



Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան