«Սրբազան շարժման»՝ կալանքի տակ գտնվող, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ և իշխանության զավթում նախապատրաստելու հոդվածներով մեղադրվող Վազգեն Գալստանյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի։
Նշենք, որ Վ. Գալստանյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցեր է ներկայացրել
նաև ընդդեմ մի շարք քաղաքական և հանրային գործիչների,
մասնավորապես՝ առողջապահության նախարար Անահիտ
Ավանեսյանի, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, հաղորդավար
Պետրոս Ղազարյանի, ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանի,
վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, նրանցից ևս պահանջում է երեք
միլիոն դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։
Պատգամավորը civic.am-ի հետ զրույցում նշեց, որ դեռևս ծանուցագիր չի ստացել և տեղյակ
չէ, թե իր որ խոսքով կամ հայտարարությամբ է զրպարտել կամ վիրավորել «սառեցված սրբազանին»։
Հակոբյանը նշեց, որ մամուլից է տեղեկացել իր
դեմ ներկայացված հայցի մասին, և հավելեց՝ «տպավորված եմ կրեատիվությամբ»։ «Ուզում եմ
իմանալ՝ 3 միլիոն դրամը, որից 2 միլիոնը զրպարտության համար է պահանջում, 1 միլիոնը՝
վիրավորանքի, եթե շահի դատը, ինչի՞ վրա է ծախսելու։
Ենթադրում եմ՝ դա պետք է ծախսվի երկաթյա աստղիկների, ռումբերի և տարբեր տեսակի՝ հանրային
վտանգավորություն ներկայացնող զենքերի գնման համար։ Տեռորիզմի մեջ մեղադրվող Բագրատ Գալստանյանը երևի
գումարի կարիք ունի»։
«Երեկ, երբ մամուլը հեղեղված էր ինձ դատի տալու մասին հրապարակումներով, ինձ բազմաթիվ
օգտատերեր են գրել և ասում են, որ այդ մարդը նաև
իր հավատարմությունը գողական արժեհամակարգին հայտնում է տարբեր դաջվածքներ անելով։
Ես չգիտեմ՝ դա իրականություն է, թե չէ, անպայման կփորձեմ ճշտել»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Հակոբյանը նկատեց նաև՝ Գալստանյանը, ենթադրաբար, հոգեպես ծանր վիճակում է, նրա
քայլերը, միգուցե, ադեկվատության հետ խնդիր ունենան։ «Որովհետև տեռորիզմի մեղադրանքը
ծանր մեղադրանք է, և մարդը, որը նման բանում է մեղադրվում, կարող է նաև հոգեկան ապրումների
ընթացքում ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։ Դրա համար ես եղբայրաբար և քրիստոնեաբար պետք
է գթասրտությամբ վերաբերվեմ։ Չեմ ուզում մեղադրանքներ հնչեցնել, միգուցե շփոթմունք
է տեղի ունեցել, միգուցե անուն-ազգանունը ճիշտ չի գրել հայցի մեջ»,- նշեց պատգամավորը։
Վաղարշակ Հակոբյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։