Թրամփը մի քանի նապաստակ է խփում․ տեսանելի ապագայում պայմանագիրը կստորագրվի

Քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ պետք չէ սպասել, որ Վաշինգտոնում խաղաղության պայմանագիր կստորագրվի, սակայն դրական է  այն, որ գործընթացը տեղափոխվել է արևմտյան հարթակ: «Առաջին հերթին Դոնալդ Թրամփը կարիք ունի արձանագրելու լուրջ արդյունք՝ խաղաղության հասնելու առումով։ Համոզված եմ, որ կոնկրետ ստորագրում տեղի չի ունենա, բայց, ըստ իս, հանդիպումից հետո կնշվի պայմանագրի ստորագրման կոնկրետ օրը։ Ինչո՞ւ եմ համոզված, որ ստորագրում տեղի չի ունենա, որովհետև Թրամփը չէր գնա նման լուրջ քայլի առանց Եվրոպայի մասնակցության։ Դրանով ինքը բավականին լուրջ խնդիրներ կարող է ունենալ եվրոպացիների հետ, Եվրոպայի համար դա շատ տգեղ կլիներ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։



Առաքելյանի դիտարկմամբ՝ Թրամփն այս գործողությամբ «մի քանի նապաստակ է խփում»: «Առաջինը՝ իր անձնական շահը։ Գալիք տարվա աշնանը ԱՄՆ-ում Կոնգրեսի ու Սենատի ընտրություններ են լինելու, վտանգ կա, որ դեմոկրատները կարող են մեծամասնություն ունենալ։ Թրամփը քարտ է ձեռք բերում՝ իր հաջողությունն ունենալու համար։ Երկրորդը՝ Ռուսաստանին այս գործընթացից և Հարավային Կովկասից դուրս շպրտելը»,- նկատեց նա։



Մեր զրուցակցի խոսքով՝ առայժմ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով կլուծվի ճանապարհների ապաշրջափակման հարցը, բայց դա Հայաստանի համար լուրջ առաջընթաց կլինի. «Ընդհանրապես պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը բավականին լայն հնարավորություններ կունենա, չէ՞ որ դրանից է կախված թե՛ հայ-թուրքական սահմանի բացումը և թե՛ այլ կոմունիկացիաների զարգացման հնարավորությունը»։



Բագրատ Առաքելյանը համարում է, որ Ալիևի համար դե ֆակտո ձեռնտուէ  ստատուս քվոն: «Եթե խնդիրը հանգուցալուծվում է, Ալիևի առջև կարող են կանգնել բազմաթիվ խնդիրներ՝ ներքաղաքական, տնտեսական։ Այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ Ալիևի հնարավորություններն անսահման չեն, նա հսկայական կախվածություն ունի թե՛ Եվրոպայից, թե՛ ԱՄՆ-ից, այսօր նաև Թուրքիայից։ Էրդողանը մի քանի անգամ ասել է, որ իրեն պետք է հարցի լուծում։ Նա նույնիսկ կոնկրետ գործողություն արեց՝ Փաշինյանին Թուրքիա հրավիրելով։ Երևացող ապագայում կարող ենք տեսնել, որ Թրամփի, Թուրքիայի, Եվրոպայի ճնշման տակ Ալիևն այդ որոշումը վերջիվերջո կընդունի»,- եզրափակեց նա։



Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում