Ռուբեն Վարդազարյանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվեց։


Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն այսօր hրապարակեց վճիռը։


Դատարանը Ռուբեն Վարդազարյանին մեղավոր ճանաչեց 2021 թվականին ընդունված ՔՕ–ի 486-րդ հոդվածի 2 մասի 2 կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ։


Վարդազարյանի նկատմամբ նաև լրացուցիչ պատիժ նշանակվեց՝ տեղական կամ պետական ինքնակառավարման մարմիններում պաշտոններից զբաղեցնելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով։


Վարդազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, մնաց անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։


Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը՝ պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը: