«Այո՛, դարաշրջան է փոխվում,
հետխորհրդային այս անփառունակ դարաշրջանն իր անփառունակ վախճանն է կնքում այս
ժամերին, և գալիս է հետռուսական դարաշրջանը։ Այն նշանավորվում է
համագործակցությամբ, բաց ճանապարհներով, լայն հնարավորություններով, աշխարհն է
բացվում մեր առաջ, և բարի գալուստ բոլորին»,- civic.am-ի հետ զրույցում,
անդրադառնալով ԱՄՆ-ում առաջիկա ժամերին ստորագրվելիք փաստաթղթերին և ԱՄՆ նախագահ Դ.
Թրամփի դիտարկմանը՝ «սա պատմական օր կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Միացյալ Նահանգների և ամբողջ
աշխարհի համար», նշեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն
Մեհրաբյանը։
Նրա խոսքով՝ այն, ինչ տեղի է ունենում Վաշինգտոնում, «միայն
մի փոքր տարրն է» այն ընդհանուր ռազմավարության, որը գործի է դրել Վաշինգտոնը. «Խոսքը
«միջին միջանցքի» ռազմավարության մասին է, միջանցք, որը կկապի Կենտրոնական Ասիան համաշխարհային
տնտեսության հետ, մասնավորապես Սև և Միջերկրական ծովերին, և Հայաստանը դուրս կգա
աշխարհագրական թակարդից, ռուս-չինական «բուտերբրոդի» միջից։ Իսկ Կենտրոնական
Ասիայում 5 պետություններ են, և նրանք դուրս են գալու մեր տարածաշրջանով։ Սա է, որ
հնարավորություններ է բացում բոլորի առաջ։ Եվ սա այն ճանապարհն է, որով գալու են
չինական ապրանքները, լինելու է առևտուր Չինաստանի հետ, և ոչ միայն Չինաստանի, բայց
այստեղով չի գալու Կոմունիստական Չինաստանի քաղաքական ազդեցությունը։ Սա շատ կարևոր
է, և ամենահանգուցային կետում Միացյալ Նահանգներն իր ներկայությունն է ապահովում
երկարաժամկետ ձևով։ Երկրորդը՝ այո՛, Հայաստանի հետ այլևս ոչ ոք ուժի դիրքերից չի
խոսելու, այն, ինչ իրենց թույլ էին տալիս մեր բոլոր հարևանները՝ երևի թե
բացառությամբ Վրաստանի»։
Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ստորագրվելիք փաստաթղթերը
ոչ թե ԱՄՆ նախագահ Թրամփի հետ են, այլ ԱՄՆ-ի՝ որպես պետության, արձագանքելով այն
ենթադրություններին, թե՝ սա կարճաժամկետ պրոյեկտ է և կդադարի գոյություն ունենալ
այն օրը, երբ Թրամփը վայր կդնի նախագահի իր լիազորությունները։
Ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ ռադիկալ
ընդդիմության բարձրացրած աղմուկի, ՌԴ պետդումայի պատգամավոր Կ. Զատուլինի արձագանքի,
Գարեգին Բ-ի՝ ԱՄՆ այցի մասին Ռ. Մեհրաբյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։