«Շարքային քաղաքացու համար իրոք բարդ է լրատվական դաշտում կողմնորոշվելը: Այն, ինչ տեղի է ունենում և հասարակության մեջ, և լրատվական դաշտում, մեծ հաշվով կանխատեսելի էր»,- անդրադառնալով օրերս Սպիտակ տանը ՀՀ-Ադրբեջան, ՀՀ-ԱՄՆ փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած տեղեկատվական քաոսին՝ նկատեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Նրա խոսքով՝ այն քարոզչական հարթակները, որոնք սպասարկում են երկրորդ և երրորդ նախագահների շահերը, դրանք, բնականաբար, «այսպիսի վայնասուն պետք է բարձրացնեին, որովհետև հասկանում են՝ սա այն քայլն է, որը կարող է է՛լ ավելի շատ քաղաքական դիվիդենդներ բերել Փաշինյանի թիմին»։
Աշոտ Մելիքյանը կիսվեց նաև վաշինգտոնյան
գործընթացի վերաբերյալ իր անձնական դիրքորոշմամբ. «Աշխարհաքաղաքական,
ռեգիոնալ, Հայաստանում ստեղծված իրավիճակը հաշվի առնելով մենք պետք է շատ դրական գնահատենք
Վաշինգտոնում տեղի ունեցած իրադարձությունը, ու, կարծում եմ, ստորագրված փաստաթղթերը
լավ հիմք են ապագա լավատեսության համար»։
Մեր զրուցակիցը նկատեց, որ հաճախ է շփվում քաղաքացիների հետ, և, այո, իր տպավորությամբ, այս բևեռացումը բերել
է նաև նրան, որ հակաիշխանական տրամադրվածություն ունեցողները ընթերցում են այն հարթակները,
որոնք կտրականապես չեն ընդունում առկա իրավիճակն ու վաշինգտոնյան իրադարձությունները,
և հակառակը՝ ովքեր քիչ թե շատ վստահում են իշխանությանը կամ իշխանության համակիրներն
են, նրանք փորձում են ընթերցել և ընթերցում են այն հարթակները, որտեղ լուսաբանվում են իշխանական մոտեցումները. «Այդուհանդերձ,
շատ լավ կլինի, որ այս հարցի շուրջ քննարկումները ավելի լայն լինեն, և ովքեր համոզված
են, որ իրենք քաղաքակիրթ հունով կարող են իրենց ընդդիմախոսների հետ բանավիճել՝ դա շատ
լավ կլիներ։ Ցավոք, մեզանում առկա բևեռվածության հետևանքով գոյացել են խմբեր ըստ իրենց
քաղաքական կողմնորոշումների, որոնց մոտ առողջ,
փաստարկներով, էմոցիաները մի կողմ դնելով բանավիճելը
չի ստացվում։ Ամեն մարդ իր գնահատականները տալուց պետք է փորձի տալ այս հարցի պատասխանը՝
ի վերջո մենք ի՞նչ ենք ուզում՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ, և ինչ կարող ենք անել։ Ի վերջո, ովքեր որ քննադատում են
խաղաղությունը, երևի թե պետք է հասկանան, թե ինչ պարտություն ենք կրել 44-օրյա պատերազմում։
Եվ այսօրվա պայմաններում մեր հասարակությունն ու բանակն ի վիճակի չեն հաղթական պատերազմ
վարելու։ Եթե դու չես կարող պատերազմել, ուրեմն պետք է գնաս խաղաղության, սա աքսիոմա
է։ Եվ դա այն է, ինչ արվեց։ Սա արշավ է ընդդեմ այս իշխանության՝ անկախ դրա արդյունքները
հաշվի առնելու»։
ԽԱՊԿ նախագահը նկատեց
նաև, որ նախկին իշխանության այն ներկայացուցիչները (մասնավորապես նաև Ռոբերտ Քոչարյանը-խմբ.),
որոնք իշխանության են ձգտում և քննադատում են վաշինգտոնյան գործընթացը, եթե իշխանության
գան ու հաջողեն Հայաստանը դարձնել գուբերնիա, «ՌԴ-ն Փառուխ առ Փառուխ մեր երկիրը տալու
է Ադրբեջանին և Թուրքիային»։
Գերիների ազատման հարցը ԱՄՆ-ում
իբրև թե չքննարկելու՝ Փաշինյանին վերագրվող կեղծիքի, մարդասիրական այդ զգայուն հարցը շահարկելու նպատակների և այլ հարակից
հարցերի մասին Աշոտ Մելիքյանի հետ մեր զրույցի մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան