Վաշինգտոնյան գործընթացը ոչ թե Հայաստանի, այլ սերժաքոչարյանական ընդդիմության անվերապահ կապիտուլյացիայի մասին է

Օրերս Սպիտակ տանը ստորագրված վաշինգտոնյան համաձայնագրերի հրապարակումից հետո, ինչպես և սպասվում էր, ընդդիմադիր դաշտի ռևանշիստական բլոկում շոկ է, ցնցում, եթե կուզեք՝ հոգեխանգարմունք։ Պարզվում է՝ Հայաստանը հերթական  «կապիտուլյացիոն փաստաթղթերն» է ստորագրել ու հերթական՝ չենք էլ հիշում արդեն որերորդ անգամ, փաստորեն, կապիտուլացվել։ Առաջին անգամ, ըստ ընդդիմության ընկալման,  Հայաստանը կապիտուլացվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը  ստորագրելով՝ փաստորեն իրենց արտաքին հովանավորյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քավորությամբ, երկրորդ անգամ՝ 2024 թվականին, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը ստորագրելով ու Տավուշում սահմանազատման գործընթաց սկսելով, վերջին անգամ էլ, ըստ ընդդիմության «վերսիայի», փաստորեն Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի «քավորությամբ»։ Փաստորեն, Հայաստանը մի երկիր է, որը մոտ 5 տարվա մեջ առնվազն երեք անգամ կապիտուլյացիոն փաստաթուղթ է ստորագրել, բայց շարունակում է լինել անկախ, ինքնիշխան պետություն, ոչ թե «ֆորպոստ» կամ «գուբերնիա», ունի ժողովրդի կողմից ընտրված ղեկավար, այլ ոչ թե տեղապահ կամ  «նամեստնիկ»։ Ավելին ասենք՝ իր ստորագրությունն է դրել այնպիսի փաստաթղթերի տակ, որտեղ խոսվում է  միջազգային սահմանների անքակտելիության և տարածքներ ձեռք բերելու նպատակով ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքների, ինչպես նաև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, քաղաքական անկախության, միջազգային սահմանների անձեռնմխելիության,  փոխադարձության մասին։  Քաղաքագիտական տարրական գիտելիքներ ունեցող միջին վիճակագրական ցանկացած քաղաքացի, լսելով կամ կարդալով այս տերմինները, ենթադրաբար պիտի հարց տա «կապիտուլյացիա» բառը թութակողներին՝ եթե ստորագրված թղթերը կապիտուլյացիայի մասին են, ապա հատկապես վերջին՝ «փոխադարձություն»  տերմինը պիտի որ նշանակի, որ կապիտուլացվել են նաև փաստաթղթի մյուս կողմերը՝ մասնավորապես նաև Ադրբեջանը։ Միջազգային պրակտիկայում, սակայն, կապիտուլյացիան ենթադրում է կողմերից մեկի պարտությունն ու հաղթող կողմի պայմանների կատարումը։ Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը՝ «ընկերներ, էստեղ թյուրիմացություն կա, եկեք պարզենք...»։ Պարզելու դեպքում կպարզվի, որ Գարսևանը, այս դեպքում՝ կեղծ ու խեղաթյուրված քարոզչությունից գինովցած ընդդիմությունը, Պողոսին շփոթել է Պետրոսի հետ՝ դրանից բխող հետևանքներով։ Բայց եթե ֆիլմում կոնծելու հետ սեր ունեցող հերոսը ոչ միտումնավոր է թյուրիմացություն «հրահրում», ապա հայրենի ընդդիմության բանուգործը հենց թյուրիմացություններ նյութելն է։     


Անկեղծորեն կարեկցում ենք ՀՀ քաղաքացիների այն հատվածին, որոնք ձայն են տվել քաղաքական պայքարի այս որակի գործիքակազմ կիրառող, այսպիսի վերլուծական կարողություններ, ինքզինքն ու քաղաքացիներին ապուշի տեղ դնող քաղաքական ուժերին կամ խմբակներին (ՀՀԿ, ՀՅԴ և նախկին նախագահների շուրջ համախմբված «կրուժոկ»), կարեկցում նաև այն քաղաքացիներին, որոնք այս քաղաքական ուժերի կողմից գեներացվող ակնհայտ կեղծ ու մանիպուլյատիվ քարոզչության սպառողն են։ Կարեկցելով հանդերձ՝ անդրադառնանք երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական գիծը սպասարկող ուժերի՝ փաստաթղթերին տրված  ընդհանրական գնահատականներին, որոնք, անշուշտ, սպասելի էին՝ հաշվի առնելով փաստաթղթերի ստորագրման վայրը՝ ոչ թե Մոսկվա, այլ՝ Վաշինգտոն։  

 

Մասնավորապես Սերժ Սարգսյանի գլխավորած ՀՀԿ-ն, անդրադառնալով եռակողմ՝ Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան հռչակագրին, այն անվանել է «ադրբեջանական ագրեսիայի, միակողմանի պահանջների և աշխարհաքաղաքական գործընթացների ճնշման ներքո Հայաստանի կառավարիչների կողմից ստորագրված հերթական վտանգավոր (կապիտուլյացիոն) փաստաթուղթ» (ահա թե որտեղից է գալիս շփոթը՝  փաստորեն, Սերժ Սարգսյանի թիմի ինտելեկտուալները բառարաններից օգտվել չգիտեն, այլապես  «կապիտուլյացիա» բառը չէին թարգմանի որպես «վտանգավոր»)։  Ռոբերտ Քոչարյանի գլխավորած խորհրդարանական «Հայաստան» խմբակցությունն էլ, անդրադառնալով եռակողմ հռչակագրին, ինչպես նաև ՀՀ-Ադրբեջան նախաստորագրված Խաղաղության  համաձայնագրին՝ փաստաթղթերն անվանել է  «Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ պարունակող»:  


Հարց է ծագում՝ եթե ընդդիմությունը նման սուր, նաև՝ խեղաթյուրված, մանիպուլյատիվ գնահատականներ է տալիս աշխարհաքաղաքական ներկայիս ստատուս քվոյի պայմաններում ձեռք բերված պայմանավորվածություններին, ապա ի՞նչ է առաջարկում որպես այլընտրանք։ Եթե վկայաբերված փաստաթղթերն իրոք վտանգավոր են, ապա, տրամաբանորեն, իրեն հարգող, իր կոչմանը հավատարիմ  ու ամենակարևորը՝ մեկ ունցիա հայրենասիրություն ունեցող ընդդիմությունը պետք է որ  պայքար սկսեր դրանք առ ոչինչ հռչակելու, հետ կանչելու համար  կամ էլ, «խասյաթի» համաձայն, հերթական դիմադրողական, սրբազան կամ հայրենափրկչական շարժումն սկսեր  «եռակի կապիտուլյանտներին» հեռացնելու նպատակով։

 

Բայց ոչ, «փրկչախումբն» այլևս վերածվել է «անկյալախմբի», որը բավարարվում է ընդամենը դեկլարատիվ հարայ-հրոցով՝ այս անգամ ձեռնպահ մնալով  «դե-կապիտուլյացիոն» կոնկրետ գործողություններ առաջարկելուց։  «Վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը»,-ռազմահայրենասիրական բաղձանքով է ասելիքն ամփոփել «Հայաստան»-ը՝ փաստորեն իր էլեկտորատին կոչ անելով  առաջիկա 10 ամիսներին, մինչև գալիք տարվա հունիս, իրենցից ոչ մի՝ իշխանափոխությանն ուղղված քայլի ակնկալիք չունենալ՝  պատրաստվելով  2026-ի ԱԺ ընտրություններին։ Դե իսկ ՀՀԿ-ն էլ  բավարարվել է միայն «протестую» գոչելուց՝ չակնարկելով անգամ գալիք ընտրությունների միջոցով «ստեղծված իրավիճակը» հաղթահարելու մասին։                 


Իրականում, սակայն, վաշինգտոնյան գործընթացը, մասնավորապես ճանապարհների՝ ոչ միջանցքային տրամաբանությամբ ապաշրջափակման  իրավական արձանագրումը, ինչպես նաև Խաղաղության համաձայնագրի հանրայնացումը ազդարարեցին նախկին նախագահների ու նրանց  թիմերի քաղաքական կապիտուլյացիայի մասին։ Ընդ որում՝ վերջնական ու անվերապահ։ Այդ թիմերին մինչ այս հաջողվում էր օգտագործել քննարկվող փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն ու դավադրապաշտական լոլոներով կերակրել իրենց էլեկտորատին: Սպիտակ տանը տեղի ունեցած իրադարձությունը զրկեց նրանց քարոզչական վերջին փշրանքներից։

 

Գեղամ Մանուկյանի, Հայկ Մամիջանյանի,  Քրիստինե Վարդանյանի և մյուս՝  «ժող ջան, Նիկոլը ձեր թիկունքում հերթական կործանարար զիջումներն է անում» ոճի ելույթ ունեցողների ականջը կանչի։


Հ. Մանուկյան