Գոռավանի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, չարաշահումների, փողերի լվացման համար. նախաքննության ավարտ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2003-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իրենը դարձնելու դիտավորությամբ նշված ժամանակահատվածում ապօրինի կազմակերպել և վարել է հողամասերի աճուրդ-վաճառքներ ու վարձակալական մրցույթներ, որոնց մասնակցել և հաղթող են ճանաչվել նրա ընտանիքի անդամները, որոնք աճուրդի մասնակցելու իրավունք չեն ունեցել:

Ընդ որում՝ շատ դեպքերում որպես աճուրդի 2-րդ մասնակից ձևակերպված անձանց մասնակցությունը կրել է ձևական բնույթ, կամ համապատասխան անձինք առհասարակ չեն մասնակցել աճուրդներին։ Նույն եղանակով համայնքի ղեկավարը համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք այլ հողամասեր նույնպես օրենքների պահանջների խախտմամբ օտարել է այլ անձանց։ 


Վերը նշված ապօրինի աճուրդ-վաճառքների և վարձակալական մրցույթների արդյունքում՝

  • ընտանիքի անդամներին օտարվել են ընդհանուր 120 հա մակերեսով տարբեր նշանակության 45 հողամասեր, և վարձակալության տրվել ընդհանուր 556 հա մակերեսով հողամասեր,
  • այլ անձանց օտարվել են ընդհանուր 48 հա մակերեսով 13 հողամասեր։

Գոռավան համայնքի ղեկավարի հանցավոր արարքների հետևանքով համայնքը զրկվել է ընդհանուր մոտ 725 հա մակերեսով 100 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքը գերազանցող 67 հողամասերը տնօրինելու և օգտագործելու օրենսդրական իրավունքից։ 

Այնուհետև համայնքի ղեկավարը, ցանկանալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված 6 հողամասերի իրական բնույթն ու ծագման աղբյուրը, կնքել է նվիրատվության և առուվաճառքի ձևական պայմանագրեր, որոնցով փաստացի ձեռք է բերել դրանք տիրապետելու և օգտագործելու հնարավորություն: Այդ կերպ պաշտոնատար անձն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը՝ կատարելով փողերի լվացում։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ համայնքի ղեկավարը, ունենալով իրեն պատկանող ավտոմեքենաների գույքահարկի գծով շուրջ 1 մլն 245 հազ ՀՀ դրամի չմարված պարտավորություններ, 2021թ. ընթացքում դրանց համար որպես գույքահարկ վճարել է անհամեմատ ավելի քիչ գումար, որից հետո համայնքապետարանի աշխատակցին հրահանգել է գույքահարկի վճարման հարթակում մտցնել կեղծ տեղեկություններ այն մասին, թե իբր պարտքն ամբողջությամբ վճարվել է: Այդ կերպ համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գոռավան համայնքին պատճառել է ընդհանուր 1 մլն ՀՀ դրամի գույքային վնաս:


Բացի այդ՝ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը 2021թ. ընթացքում համայնքապետարանի համար հատկացված 1 մլն 130 հազ. ՀՀ դրամի գազի լիցքավորման կտրոններով լիցքավորել է անձնական օգտագործման ավտոմեքենան՝ այդ կերպ յուրացման եղանակով հափշտակելով նշված գումարը:

Գոռավան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով հափշտակության կատարելու, խոշոր չափերով գույքային վնաս պաճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (65 դրվագ) և փողերի լվացման համար (6 դրվագ):


Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: