«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով՝ վաշինգտոնյան հանդիպումն ու ձեռքբերումները Հայաստանի առջև բացված դուռ են, որից պետք է մաքսիմալ օգտվենք: «Սա ռեալ հնարավորություն է խաղաղության հասնելու համար։ Եթե նույնիսկ դա տևի մինչև Թրամփի պաշտոնավարման ավարտը՝ այդ ժամկետը պետք է մաքսիմալ օգտագործենք, փորձենք ոչ թե իրար փնովել և անվերջ ասել, թե ինչու պարտվեցինք պատերազմում։ Պետք է փորձենք նույնիսկ այդ կարճ ժամանակահատվածում ուժեղացնել մեր երկիրն ու բանակը, տնտեսությունը»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սարգսյանի դիտարկմամբ՝ սա հնարավորություն է Հայաստանն ազատելու
ռուսական ազդեցությունից, գաղութատիրությունից: «Վերջին 200 տարիներին ռուս-թուրքական պայմանավորվածությունները
եղել են մեր հաշվին, Հայաստանի տարածքների կորստի հաշվին։ Լեռնային Ղարաբաղի փորձը
ցույց տվեց, որ Ռուսաստանը չի կարող երաշխավոր լինել։ Հիմա նման հնարավորություն ունի
Արևմուտքը, որն իր անձնական շահերից ելնելով մտավ տարածաշրջան, և այդ շահերն ամբողջությամբ
համընկան Հայաստանի շահերի հետ»,- նկատեց նա։
Արամ Սարգսյանը խոսելով, այսպես կոչված, «ընդդիմության» արձագանքների
մասին՝ նկատեց. «Իրենք հիմնականում փորձում են հակասություններ տեսնել Արևմուտքի ու
Եվրոպայի միջև, իհարկե կան հակասություններ Ուկրաինայի հարցում, բայց հավատացնում եմ՝
Հայաստանի մասով, Հարավային Կովկասի հարցում հակադրություններ չկան։ Այս ուղղությամբ
խմորումներ անելը միտված է հաջորդ ընտրություններին բողոքական քվեն իրենց ուղղելուն»։
Մեր զրուցակցի խոսքով՝ Հայաստանն այժմ ճիշտ ուղու վրա է, ԱՄՆ-ի
հետ ստորագրված երկկողմ փաստաթղթի դրույթները
ևս կարևոր նշանակություն ունեն: «Թող քննադատողներն ասեն՝ աշխարհի ո՞ր երկրի հետ զորավարժություն
անելով Հայաստանն ավելի անվտանգ կլինի, ո՞ր երկրի դրոշի՝ Սյունիքում լինելու պարագայում
Հայաստանն անվտանգ կլինի, ո՞ր երկրի նախագահի անունով ճանապարհի վրա որևէ մեկը չի համարձակվի
հարձակվել։ Ֆրանսիան մեր բարեկամն է, բայց եթե ճանապարհը դնեինք Մակրոնի անունով, խնդիր
էր լինելու։ Երկու տարի առաջ Էրդողանը Մակրոնին խելագար էր անվանում ու առաջարկում
գնալ հոգեբույժի մոտ։ Միջին միջանցքը շատ լուրջ խնդիր է լուծելու, անպիտան ճանապարհի
վրա ոչ ոք փող չի ներդնի։ Այդ ճանապարհից դուրս են մնում Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը,
բնականաբար նրանք պետք է դժգոհեն»,- եզրափակեց Սարգսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան