Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի օրակարգ չունեն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նկատեց, որ Վազգեն Գալստանյանի պաշտպանների հրապարակած ձայնագրություններով ևս ապացուցվեց, որ կանխվել է լրջագույն հանցագործություն։ Նաև շեշտեց՝ քրեական գործը հարուցված չէ այդ մեկ դրվագի հիման վրա, այլ ավտոբուսների վրա յուղ շփելու, մեքենաների ակերի տակ երկաթե, սուր աստղիկներ շաղ տալու, ավտոմեքենաներ, խանութներ այրելու, քաոս ստեղծելու նախապատրաստությունների հիման վրա, բացի դրանից՝ զենքեր ու զինամթերք է հայտնաբերվել։   


Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե «Մեր ձևով» շարժում են ստեղծելու, որը հիմք է հանդիսանալու քաղաքական ուժ հիմնելու, և պատրաստվում են մի շարք ծրագրեր իրականացնել, ասաց, որ գործարաններ հիմնադրել խոստացողները տասնամյակից ավելի է՝ մի կրկես անգամ չեն կարողանում կառուցել և շահագործման հանձնել։ «Եթե առ այսօր իրենք գործարան կառուցելու մեջ ներդրում չեն արել, ապա նշանակում  է, որ իրենց հաշվարկները ցույց են տվել, որ գործարանի կառուցումն ու շահագործումը Վանաձորում չի կարող իրենց շահույթ բերել։ Եվ հիմա, երբ իրենք ասում են, որ կգանք իշխանության ու կկառուցենք այդ գործարանները, ապա դա երկու բան կարող է նշանակել. առաջին՝ որ իրենք խաբում են ժողովրդին, երկրորդ՝ որ, այո՛, բիզնեսը չի կարող ներդրում կատարել ոչ շահավետ գործունեության մեջ, բայց պետությունը կարող է»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։  


Անդրադառնալով Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին՝ պատգամավորն ասաց, որ այդ նույն փաստաթուղթը կարող էր ստորագրվել Ռուսաստանում, բայց Ռուսաստանը չկարողացավ կամ չուզեց կատարել ստանձնած պարտավորությունները կամ նմանատիպ առաջարկներ անել ու պարտադրել դրանք Ադրբեջանին՝ չնայած Հայաստանը համաձայնել էր ռուսական առաջարկներին։


Ջուլհակյանը հիմարություն որակեց փաստաթղթերում քարտեզների բացակայության մասին քննադատությունները։


Ղարաբաղցիների՝ ԼՂ վերադարձի հարցին անդրադառնալով՝ Ջուլհակյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունն ու մեր կուսակցությունը նման օրակարգ չունեն՝ ԼՂ բնակիչների կոլեկտիվ վերադարձի վերաբերյալ։ Եթե կլինեն անհատներ, որ կկարծեն կամ կուզեն վերադառնալ Ադրբեջան՝ բնականաբար առանձին կերպով կարող են փորձել։ Բայց մենք իրատեսական չենք համարում ԼՂ բնակիչների վերադարձը Ադրբեջան»,- ասաց պատգամավորն ու ընդգծեց. «Նման խոստում տվողները պետք է ազնվորեն ասեն, որ դա կարող է տեղի ունենալ միայն Ադրբեջանի դրոշի ներքո։ Եթե անգամ վերադառնան, վերադառնալու են որպես Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ»։


«Հայաստանի Հանրապետությունը առանց այն էլ իրեն չափից դուրս շատ հարվածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղի ողջ բանակցային գործընթացում։ Եվ դրա պատճառով է եղել նաև, որ մենք վերջում հասել ենք այնտեղ, որ մեր սուվերեն տարածքն է հարձակման ենթարկվել։ Մենք այլևս ոչ մեզ էինք կարողանում պաշտպանել, ոչ առավել ևս՝ Լեռնային Ղարաբաղին»,- ասաց Արուսյակ Ջուլհակյանը։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան