Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Վաշինգտոնում նախաստորագրված Խաղաղության պայմանագիրը հնարավորություն կտա նվազեցնել անվտանգային ռիսկերը։
Իսկ թե ինչու են ընդդիմադիր քաղաքական ուժերը դա ներկայացնում
որպես գոյաբանական սպառնալիք, կապիտուլյացիա ու դավաճանություն, Ղևոնդյանը նշում է՝
կապիտուլյացիա է հենց իրենց համար: «Այդ շերտը շատ բան է կորցնում։ Նրանք սնվում են
Ռուսաստանից, կոնկրետ «Հայաստան» խմբակցության լիդերի համար Ռուսաստանի շահերն ավելի
կարևոր են, քան Հայաստանի շահերը։ Ռուսաստանի պարտությունն իրենք չեն կարողանում ընդունել,
ՌԴ-ի պարտությունը նշանակում է իրենց պարտություն։ Քաղաքական դաշտի նման դերակատարների
համար նման գործընթացները նշանակում են իրենց անձնական պարտություն։ Տնտեսական փոխկապակցվածություն
ևս կա, ինչը կարող է բերել խնդիրների»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Ղևոնդյանի դիտարկմամբ՝ քաղաքական ուժերի մեծամասնության համար
շատ ավելի կարևոր են իրենց նեղ անձնական շահերը,
քան ՀՀ շահերը. «Նման մի հայտարարություն ՀՀ նախկին իշխանությունների հետ ասոցացվող
մի գործիչ արեց խորհրդարանում՝ առ այն, որ հայրենիքից ավելի կարևոր իր ընտանիքն է։
Նման ինքնաբացահայտումը ցայտուն կերպով դրսևորում է իրենց արժեհամակարգը»։
Եթե հարցը լուծվեր նոյեմբերի 9-ի 9-րդ կետով, ապա ըստ փորձագետի՝
այդ ուժերը նման աղմուկ չէին բարձրացնի. «Քանի որ իրենց սնող Ռուսաստանը ստանում էր
բավականին մեծ հնարավորություններ, ինչը նշանակում էր, որ հենց իրենք են ստանում մեծ
հնարավորություններ իրենց անձնական նեղ շահերն իրացնելու համար»։
Մարիամ Գրիգորյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում