Օգոստոսի 15-ին ՀՀ քրեական դատարանում տեղի կունենան Շիրակի
թեմի առաջնորդ Միքայել (Գևորգ) Աջապահյանին առաջադրված մեղադրանքով նախնական դատալսումները։
Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Դատարանը՝ դատավոր Ա. Մելիքսեթյանի
գլխավորությամբ, ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին,
վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքը։
Գևորգ (Միքայել) Արտաշեսի Աջապահյանին, հիշեցնենք, մեղադրանք
է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով
հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և
հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն,
համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ
ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները,
տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա
նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին
տված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային
կոչեր։
Աջապահյանի պաշտպանությունը ստանձնել է փաստաբանական խումբը՝
միանգամից չորս փաստաբան։ Դատարանը հունիսի
28-ին որպես խափանման միջոց արքեպիսկոպոսի նկատմամբ կիրառել է կալանքը։