Ճանապարհներն ամբողջությամբ պատկանելու են Հայաստանին, ենթարկվելու են ՀՀ օրենքներին

«Գյուլլելու» մասին խոսքերը չեն վերաբերել դասալիքներին՝ ինչպես պնդում են Վազգեն Գալստանյանի կողմնակիցները։ Դա վերաբերում է երկիրը կառավարելու մեթոդին, որն իրենք ուզում էին ստանալ։  Պարզ մեթոդ՝ բոլորին, ով խելոք չի մնում, գնդակահարել, որ մյուսները խելոք մնան։


Այսպես է մեկնաբանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը տարածված ձայնագրությունները։


Վերջինս նկատում է, որ այս ուժերը ոչ միայն հակաժողովրդավարական են, այլև հակաժողովրդական։ «Նրանք պատրաստ են ժողովրդին զոհաբերել իրենց մերկանտիլ շահերի համար՝ ինչքան էլ դա ներկայացվի հայրենասիրական քողի տակ»,- ասաց Թորոսյանը։  


Անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարություններին ու նոր ուժ ստեղծելու նպատակին՝ Արսեն Թորոսյանն ուշադրություն հրավիրեց հանգամանքին, որ Կարապետյանների հայտարարություններում մշտապես բացակայում են ժողովրդավարության մասին շեշտադրումները։


Իսկ ի՞նչ է ստանում ՀՀՀայաստանը Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով։ Ադրբեջանի ստացած անխոչընդոտ անցումը նշանակում է այնպիսի անխոչընդոտ անցում Հայաստանի տարածքով, ինչպես ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքով հասնում են Ռուսաստան։ «Իսկ մենք ստանում ենք ապաշրջափակված սահմաններ։ Մենք ևս անխոչընդոտ ճանապարհ ենք ստանում Ադրբեջանի տարածքով»,- ասաց պատգամավորը։


Նա նշեց, որ այժմ կողմերի միջև բանակցություններ են գնում, դինամիկան շատ դրական է։


Իսկ TRIPP կոչվող ճանապարհները, ենթակառուցվածքները, ըստ Թորոսյանի, ամբողջությամբ պատկանելու են Հայաստանին, ամբողջությամբ ենթարկվելու են ՀՀ օրենքներին, նաև պայմաններ են դրվում, որոնք կարող են խզվել, եթե խախտվում են պայմանները։


Պատգամավորը նաև Լիտվայի սուվերեն տարածքով անցնող Բելառուսից դեպի Կալինինգրադի մարզ միջանցքի օրինակը բերեց։ Նշեց՝ առանց ՀՀ համաձայնության այդ ճանապարհների վրա ոչ մի բան տեղի ունենալ չի կարող։

 


Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան