Ընտրությունը պարզ է․ 2026-ին կհաջողեն այն ուժերը, որոնք կողմ են խաղաղությանը

Անկախ հետազոտող, քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կհաջողեն այն ուժերը, որոնք կողմ են վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Civic.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ ինչքան էլ լինեն կոնֆլիկտներ՝ ընդդիմադիր դաշտում հանդես եկող որոշ ուժեր ունեն ընդհանուր բան և կարող են փորձել անել այնպես, որ Հայաստանում պրոռուսական իշխանություն ձևավորվի: «Բացարձակապես էական չէ՝ ով ում հետ կհամագործակցի, այդ ճամբարից այս մեկը կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ ոչ, էականն այն է, թե ինչ դիսկուրս են առաջ բերում, ինչ գնահատական են տալիս ներքին ու արտաքին քաղաքականությանը, ինչ տեսակի պետություն են տեսնում ու ինչ միջոցների են դիմում»,- նկատեց նա։


Ըստ Վարդանյանի՝ շատ պարզ ընտրություն է լինելու. «Մարդիկ կամ կողմ են խաղաղությանը, տարածաշրջանային առումով ստաբիլությանը, ժողովրդավարական զարգացմանը, հնարավորինս արևմտյան կառույցներին ինտեգրմանը, կամ կողմ են դրա հակառակին՝  հակադեմոկրատական, հակաազատական, լարվածություն առաջացնող խոսույթին»։


Մեր զրուցակիցը կարծում է, որ սպասվող խորհրդարանական ընտրությունները մեծապես կարևոր են: «Ընտրությունը լինելու է՝ ժողովրդավարությո՞ւն, թե՞ ոչ, պրոռուսակա՞ն, թե՞ արևմտյան ուղի, խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։ Այնուամենայնիվ «Քաղաքացիական պայմանագրի» դիրքերը կարող են ամրապնդվել այս ամենի արդյունքում, որովհետև իրենք կարողացան հասնել այս համաձայնագրերին։ Թեև չեմ կարծում, որ մինչև ընտրությունները Խաղաղության պայմանագիրը կստորագրվի, բայց այն ընտրություններից հետո կստորագրվի, եթե միայն պրոդեմոկրատական ու խաղաղության օրակարգի կողմնակից ուժերը լինեն իշխանության»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում