Վաշինգտոնում լուրջ փոփոխություն է եղել. քննադատողները կարող էին առաջարկություն ներկայացնել

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդանի կարծիքով՝ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հատկապես ճանապարհների ապաշրջափակման հետ կապված,  Հայաստանի առջև հնարավորություններ են բացում։


Civic.am-ի հետ զրույցում Նավասարդյանն ասաց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը քարոզչությունը տանում են «միջանցք» բառի շուրջ, այն դեպքում, երբ այդ բառը տարբեր նշանակություններ կարող է ունենալ, ենթադրել տարբեր կարգավորումներ ու ռեժիմներ. «Պարտադիր չէ, որ այդ «միջանցքը» հակասի ինքնիշխանության պահպանմանը։ Անհրաժեշտ է  հետևողական աշխատանք համապատասխան մասնագիտացված խմբերի կողմից, որոնք պետք է մշակեն կոնկրետ մանրամասներ, թե ինչպես է աշխատելու այդ հաղորդակցման ուղին։ Այստեղ շատ բան կախված է լինելու այդ գործընթացում մասնակցող անձանց  կոմպետենտությունից և նաև մեր կարողություններից՝ արագ իրականացնել այն, ինչի մասին կան հողի վրա պայմանավորվածություններ»։


Մեր զրուցակիցը նշում է՝ քննադատողները կարող էին առաջարկություններ ներկայացնել, թե ինչպես դա կարելի է  լավագույն ձևով անել, և այդ դեպքում իրենց մտահոգությունները վերացնող գաղափարներն ու լուծումները կարող են հիմք հանդիսանալ այդ բանակցութունների համար. «Իսկ ընդհանուր ասել՝ վերջ, ինքնիշխանությունը զոհաբերում ենք, ադրբեջանա-թուրքական շահերն ենք իրացնում ընդդեմ Հայաստանի, ավելի շատ քարոզչական բնույթի են և փորձելու են հանրությանը համոզել, որ Հայաստանի իշխանությունները հետ են կանգնում իրենց խոստումներից ու պարտականություններից»։


Ըստ Նավասարդյանի՝ դա քաղաքական տեսանկյունից արդյունավետ լինել չի կարող, որովհետև նախընտրական մրցակցությունը ենթադրում է պրակտիկ լուծումների պայքար. «Մինչև դա չհասկանան, ընդդիմադիրները պարտված են մնալու։ Իսկ իշխանությունների համար հիմնական ռիսկը կապված է  նրա հետ, որ ծրագրերի իրականացման ուղղությամբ պետք է լինեն կոնկրետ արդյունքներ»։


Քաղաքական վերլուծաբանը կարծում է, որ  առայժմ հռետորաբանության տեսակետից ոչինչ չի փոխվում, և դա խոսում է քաղաքական դաշտում առկա ճգնաժամի մասին: «Լուրջ փոփոխություն է եղել՝ անկախ նրանից, թե մենք ինչպես ենք վերաբերվում օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին՝ ընդհանուր համատեքստում, այդ համատեքստին պետք է համապատասխանեն խորհրդարանում տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը։ Առանց դրա մենք կունենանք լճացում ու ճգնաժամի խորացում»,- եզրափակեց նա։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում