Երևանի քրեական դատարանի «Կենտրոն»
նստավայրում մեկնարկել են «սրբազան պայքար» կոչվող շարժման առաջնորդ Վազգեն Գալստանյանի և մյուսների քրեական վարույթով նախնական դատալսումները։ Դատարանի բակում, ինչպես
և սպասվում էր, հավաքվել է ընդդիմադիր «բոմոնդը», մասնավորապես «Հայաստան» խմբակցության
անդամներ Քրիստինե Վարդանյանը, Լևոն Քոչարյանը։
Հարկ է հիշեցնել, որ վերջինիս անունը նույնպես
շոշափվում է ՔԿ-ի հրապարակած՝ Գալստանյանի մասնակցությամբ գաղտնալսումներում: «Էն օրը Լևոնին եմ տեսել
Քոչարյան, Լևոնին պիտի ասեմ՝ լրջացեք, վախտն ա, ցանկ է, ինչ է, բայց էլի սցենարը Ազգային
ժողովի լսումների, մենք պետք է մի 200 խումբ կազմենք, 20-25 հոգիանոց, պիտի մենք մի
քանի 1.000 ձիգ ուժեղ կանգնած մարդիկ ունենանք, որ փողոցը պահեն, կլինի փողոց փակելով,
կլինի ուրիշ գործով, սա ա լրիվ գործողությունները կարվի...»,- մասնավորապես ասում է
Գալստանյանը։
Հիշեցնենք՝ Վ.
Գալստանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կողմից
նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի
քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ
թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի
Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր
ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված
եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների՝ Մովսես
Շարբաթյանի, Հայկ Շահնազարյանի, Տիգրան Թոփալյանի, Լիդիա Մանթաշյանի, Հրայր
Հակոբյանի, Կարո Օկումուշյանի, Արթուր Սարգսյանի, Իգոր Սարգսյանի, Արա Ռոստոմյանի,
Արսեն Ղազարյանի, Արման Իսրայելյանի, Աղվան Արշակյանի, Արմեն Ալեքսանյանի, Միհրան
Մախսուդյանի, Դավիթ Գալստյանի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ խմբի
կազմում, ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար
անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ
պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։