Քաղաքագետ Հրայր Մանուկյանի կարծիքով՝
հայ հանրությունն իսկապես անծանոթ է խաղաղության պայմաններում ապրելուն, քանի որ մշտապես
ապրել է պատերազմի կամ «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» պայմաններում։
Civic.am-ի հետ զրույցում Մանուկյանը կարծիք հայտնեց, որ հայկական
կողմը պետք է նաև Սահմանադրությունից հանի Անկախության հռչակագրին հղումը, որպեսզի
խաղաղությունը վերջնական կլինի: «Միգուցե ես վատատես եմ, և Փաշինյանին հաջողվի հասնել
նրան, որ պայմանագիրը ստորագրվի առանց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։
Իշխանություններն այդ տեսակետից կարող են զարմացնել, այսինքն՝ եթե հաջողվի ստորագրել
առանց սահմանադրական փոփոխությունների, դա փայլուն արդյունք կլինի, բայց այս պահի դրությամբ չեմ կարծում, թե դա հնարավոր է»,- ընդգծեց նա։
Մանուկյանի խոսքով՝
մինչ այժմ հասարակության մի մասը, որը ազդեցիկ տեղ ունի քաղաքական, սոցիալական
տարբեր շերտերում, մեծացել է հակաթուրքական տրամաբանությամբ. «Իրենց ամբողջ մտածողությունը,
ինքնությունը այդպիսին է։ Հիմա փլուզվում է այդ ամենը, և սա շատ ծանր է այդ մարդկանց
համար, որովհետև նրանք զգալու են, որ կորցնում
են իրենց ինքնությունը, բնական է, որ այդ մարդիկ դիմադրելու են»։
Ինչո՞ւ է տեղի ունեցող
պրոցեսներին դեմ արտահայտվում տարիներ շարունակ խաղաղություն քարոզող Լևոն Տեր-Պետրոսյանը,
Հրայր Մանուկյանը նշում է. «Իր ձեռքբերումը Լեռնային Ղարաբաղի տարածքները ձեռք բերելն
ու հաղթանակ ապահովելն էր։ Ինքը չկարողացավ այնպես անել, որ հաղթանակը վերջնական լինի։
Իր թիմի նախկին երկու ներկայացուցիչներ՝ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ևս ձախողեցին։
Այսօր Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց, Հայաստանը
շարունակելու է իր բարգավաճումն առանց Ղարաբաղի,
ու իրենք հասկանում են, որ իրենց «ձեռքբերումը» մի բան էլ խանգարել է Հայաստանի զարգացմանը,
դրա շնորհիվ էր, որ ՀՀ բարգավաճումն ու բարեկեցությունը բավականին ցածր վիճակում էր։
Դրա համար է, որ իրենք ծանր են տանում։ Կա մի այլ հանգամանք՝ ցանկացած ընդդիմադիր գործիչ
ծանր է տանելու խաղաղության հաստատումը, որովհետև
այդ հարցը լուծում է Նիկոլ Փաշինյանը։ Այդ նախանձությունն ու չարությունը հստակ են»։
Քաղաքագետի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը երկու անգամ փորձեց
իրականացնել իշխանափոխություն, իսկ Փաշինյանը մեկ անգամ շանս ստացավ՝ հաջողությամբ
իրականացրեց: «Շատ բարդ պրոցեսի միջոցով Փաշինյանն, այնուամենայնիվ, երկիրը տանում
է խաղաղության, ինչը մեր ժողովրդի ճնշող մեծամասնության ցանկությունն է։ Հիմա պատկերացրեք
այն մարդկանց վիճակը, ում դա չի ստացվել, պետք է թույնն ու նախանձը հանրային տիրույթ
բերեն, բայց ես շատ ուրախ կլինեի, եթե մի քիչ իրենց չափավորեին, իրենց գնահատեին՝ ըստ իրենց կարողությունների»,-
եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան