Թեհրանում լույս տեսնող «Արաքս»
շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանի կարծիքով՝ Իրանում արդեն կա հստակ հասկացվածություն,
որ Հայաստանն Ադրբեջանին ոչ թե միջանցք է տալիս, այլ ճանապարհ՝ Նախիջևանի հետ կապ ունենալու
համար։
Քեշիշյանի դիտարկմամբ՝ Իրանի
ներսում որոշ ուժեր փորձեցին այդ հարցի շուրջ լարվածություն մտցնել, սակայն պաշտոնական
Թեհրանից եկող հայտարարություններից պարզ է դառնում, որ Իրանի մտահոգությունները փարատվել
են: «Հայաստանը վստահեցրել է, որ որևէ հակաիրանական քայլ չի լինելու, բոլոր մտահոգությունները
հաշվի են առնվում, այնպես որ որևէ խնդիր չկա։ Ըստ երևույթին՝ իրանական կողմը գոհ է
մնացել բոլոր այդ բացատրություններից»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը հիշեցնում է Իրանի նախագահի ավելի վաղ արած հայտարարությունները,
թե հարցն արհեստականորեն ուռճացվում է, և որևէ խնդիր չկա: «Հայ-իրանական հարաբերություններում
կարևոր է աշխուժացնել Հյուսիս-հարավ ճանապարհը, նաև Հայաստան-Իրան համապարփակ ռազմավարական
համաձայնագրի կնքումը, որը կփարատի բոլոր տեսակ մտահոգությունները»,- նկատեց նա։
Քեշիշյանի խոսքով՝ Իրանը ևս կօգտվի ապաշրջափակման հնարավորությունից,
չմասնակցությունը կվնասի հենց իրեն. «Կարող եմ ասել՝ իրանական կողմը ծուլություն է
ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհի հարցում,
բայց այսօր հասկանում են՝ ռազմավարական ճանապարհ է, նաև այլընտրանք է, որ դրանով կարող
է կտրել թուրքական ճանապարհը, կամրապնդի իր
դիրքերը տարածաշրջանում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան