Ինչո՞վ են վերջիվերջո զբաղված եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը առաջին պատերազմի ընթացքում՝ այդ թվում ըստ Դաշնակցության․ Կարապետյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ինչո՞վ են վերջիվերջո զբաղված եղել Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը առաջին պատերազմի ընթացքում՝ այդ թվում ըստ Դաշնակցության


Այս մասին կարդում ենք «Ազգ» թերթի 1992 թվականի մայիսի 6-ի մի հոդվածում, որտեղ Աննա Իսրայելյան անունով մի լրագրող պատմում է, որ Լեռնային Ղարաբաղում գերակա դիրք ունեցող Դաշնակցությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը զբաղված են բենզինի, սննդամթերքի ու զինամթերքի մատակարարումների մենաշնորհների միջոցով Լեռնային Ղարաբաղում իշխանություն հաստատելով։


Ահա կարդում ենք․ «Ուրեմն, ըստ այդ նույն պնդումների, ինչպե՞ս են փորձում Աrցախում երկիշխանություն [նկատի ունի Դաշնակցությանը զուգահեռ իշխանություն] հաստատել: Առաջին ու ամենահզոր միջոցն ու լծակը բենզինի, սննդամբերքի ու զինամբերքի մատակարարումները Հայաստանի իշխանություններին մոտ կանգնած մարդկանց ձեռքում կենտրոնացնելն է։ Հայտնի են նրանց անունները՝ Սերժիկ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան և այլն: Թվում է, թե եթե սրանք էլ անդամագրվեին դաշնակցությանը, բոլոր կնճռոտ խնդիրները միանգամից կլուծվեին՝ գոնե մի խանդոտ կողմի համար, որը լրջորեն անհանգստացած է նաև սեփական ազդեցության ոլորտի նեղացմամբ:»


«Եթե սրանք էլ անդամագրվեին դաշնակցությանը», - սրամտում է լրագրողը որպես մարգարեություն մեզ սպասվող սիմբիոզների մասին։


Մեկ ամիս անց՝ հունիսի 3-ին նույն թերթում տպվում է Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի (այն նույն Վահան Հովհաննիսյանի, որ հետո դարձավ ՀՀ ԱԺ փոխխոսնակ և 2008 թվականի նախագահական ընտրություններում ՀՅԴ թեկնածու) հոդվածը, ով հաստատում է՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը «նավթի թագավորներն» են և զբաղված են Լեռնային Ղարաբաղում մատակարարումների միջոցով «յուրայինների» ցանցի ստեղծմամբ։


Պայմանական Իշխան Սաղաթելյանը, ով պնդում է, թե Ռոբերտ Քոչարյանը «մի քանի պատերազմների միջով է անցել», գիտի, թե հատկապես ինչով են զբաղված եղել Ռոբերտ Քոչարյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանը և այլք պատերազմի ժամանակ։ Պարզապես ժամանակի ընթացքում բոլոր նրանք, ովքեր դարձել են փայատեր «Հակամարտություն և տնտեսություն» բաժնետիրական ընկերությանը, մի կողմ են դրել քաղաքական և տնտեսական տարաձայնությունները։