Անհավանական է, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի համաձայնագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույց է տվել, որի ժամանակ մասնավորապես ասել է. «Վավերացման գործընթացում եթե մեր Սահմանադրական դատարանը կորոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրված  Խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ: Այս պահին դրա մասին մտածելու անհրաժեշտություն և կարիք չկա»։


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք իրավաբանական գիտությունների թեկնածու, սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի հետ։


Նրա խոսքով՝ ՍԴ-ն իր մի քանի ամիս առաջ կայացրած որոշմամբ հստակ անդրադարձ է կատարել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման կանոնակարգի դրույթներին և այդ համատեքստում անդրադարձել է նաև Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջև կապին ու բացահայտել է դրա էությունը։


«Խաղաղության համաձայնագիրը շատ ավելի որոշակի և տարընթերցումներ չթողնող փաստաթուղթ է և, որ ամենակարևորն է, իր մեջ արտառոց որևէ դրույթ, որը ուղիղ կառնչվեր Հայաստանի էքզիստենցիալ շահերին և այնտեղ ինչ-որ հակասություն կլիներ, չկա։ Ըստ էության, ավելի շատ հանրաճանաչ միջազգային իրավական դրույթներ են, որոնք շատ կարևոր է, որ հատկապես Ադրբեջանը վերահաստատել է, թե չէ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար այդ խաղաղության համաձայնագրում նշված դրույթների գերակշիռ մեծամասնությունն իրենց այլ միջազգային պարտավորություններով նախատեսված անբեկանելի հանձնառություններ են։ Եվ ահա այդ համատեքստում ես գրեթե անհավանական եմ համարում, որ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի այդ համաձայնագիրը»,-  ասաց սահմանադրագետը։


Նա նշեց, որ այլ հարց է, որ այդ համաձայնագիրը դեռ պետք է ստորագրվի, մենք դեռ ունենք նախաստորագրված փաստաթուղթ։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան