«Ընդդիմությունը չունի օրակարգ, ՀՀ
ինքնիշխանության, սուվերենության դեմ է գործում և փորձում թունավորել մթնոլորտը, այն ամենը, ինչը
բարենպաստ պայմաններ է ստեղծում ՀՀ զարգացման համար»,- civic.am-ի հետ զրույցում
հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն
Խաչատրյանը՝ անդրադառնալով Սպիտակ տանը ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ
ընդդիմության խեղաթյուրված, մանիպուլյատիվ մեկնաբանություններին, թե՝ ԱՄՆ-ում
Նիկոլ Փաշինյանը գնացել է «Զանգեզուրի
միջանցքը» տալու գործարքի՝ ստորագրելով
հերթական կապիտուլյացիայի թուղթը։
Արմեն Խաչատրյանը հակառակ պնդումն է
անում՝ նշելով, որ վաշինգտոնյան գործընթացը բարձրացրել է ՀՀ-ի
սուբյեկտայնությունը, ինչը բերելու է ՀՀ-ի տնտեսական զարգացման հնարավորություններ։ Ստորագրված փաստաթղթերը, ըստ նրա, Հայաստանի համար բացելու են զարգացման այնպիսի
դռներ, որոնց մասին մենք մինչև այժմ տեղյակ չենք։ «Վարչապետը ճիշտ է ասում՝ սա մեզ
համար խորթ է, քանի որ մենք դեռևս չգիտենք՝ ինչպես ապրել խաղաղության պայմաններում,
ապաշրջափակման, ամբողջապես բաց
ճանապարհների պայմաններում, հարևանների հետ խնդիրներ չունենալու պայմաններում։
Բայց հայ ժողովուրդը շատ արագ է ընտելանալու այդ վիճակին, հայ ժողովուրդը
տնտեսություն զարգացնող ժողովուրդ է, և ականատեսն ենք լինելու ՀՀ-ի սրընթաց տնտեսական
զարգացմանը, որն իր հերթին բերելու է բոլոր ոլորտներում զարգացման»։
Անդրադառնալով ռուսաստանցի գործարար
Սամվել Կարապետյանի կողմից ձևավորվելիք նոր շարժմանն ու քաղաքական ուժին՝ «Մեր ձևով»,
և արդեն իսկ նախընտրական այս փուլում վերջինիս կողմից իրականացվող բարեգործական
տարատեսակ ակցիաներին՝ պայուսակներ ու գրենական պիտույքներ սահմանամերձ գյուղերի
դպրոցականներին և այլն, Խաչատրյանը նկատեց. «Այդ ձեռագիրը շատ ծանոթ է՝
բարեգործություն, մեծ գումարներ ծախսել, փողեր բաժանել... մի շարք երկրներում այս սխեման կիրառվել
է, որոշ տեղերում արդյունքի հասել են, որոշ տեղերում՝ ոչ, հիմա հերթը Հայաստանինն
է։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանի դեմքով հարյուրավոր, միլիոնավոր դոլարներ
կներդրվեն, որպեսզի կարողանան որոշակի հաջողությունների հասնել։ Այդ
գործողությունները կդիմակավորվեն որպես բարեգործություններ, պայուսակներ էլ
կբաժանեն, ամեն ինչ էլ կանեն...»։
Արմեն Խաչատրյանի հետ մեր զրույցի այլ
մանրամասներին, մասնավորապես «Հոկտեմբերի 27-ի» կրկնության նախադրյալներին,
ընդդիմության այն թեզին, թե՝ մենք կգանք իշխանության, նոր բովանդակությամբ խաղաղության
փաստաթուղթ կբանակցենք՝ դիտեք տեսանյութում։
Հեղինե Մանուկյան