Ռուսական ցանկացած ներկայության տարր Հայաստանում սաբոտաժի էլեմենտ է

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը պնդում է՝ նոր օրենք է պետք մշակել ՀՀ քաղաքական դաշտում մաքրություն անելու համար։


«Ներկայումս Ռուսաստանի կողմից Հայաստանում իրականացվում է ինստիտուցիոնալ սաբոտաժ այս համաձայնությունների դեմ, որոնք պատմական նշանակություն ունեն ու իրականություն են դարձել Վաշինգտոնում։ Խոսք է գնում այդ սաբոտաժի գործիքները չեզոքացնելու մասին։ Բոլորը կապ ունեն մի բանի հետ՝ ռուսական ազդեցությունը Հայաստանում։ Ռուսական ցանկացած ներկայության տարր Հայաստանում սաբոտաժի էլեմենտ է»,- ասաց Մեհրաբյանը։


Եթե պրոռուսական ընդդիմությունը գա իշխանության ու դենոնսացնի վաշինգտոնյան համաձայնագրերը, Մեհրաբյանի վստահեցմամբ, դա կլինի գերեզմանաքար Հայաստանի վրա։ Բայց պետությունը դա պետք է թույլ չտա, ու չպետք է մեղքը դնել ժողովրդի վրա։ «Հայաստանը պռախադնոյ դվո՞ռ է ցանկացած երկրի ագենտների համար։ Այսինքն՝ ցանկացած երկիր կարող է գալ, Հայաստանում ինչ ուզի՝ բացի, ինչ գաղափար ուզի՝ սնուցի և կապի պետության գլխին, ասի՝ դեմոկրատիա է, լավ եմ անո՞ւմ։ Ռոսսատռուդնիչեստվան ինչի՞ եք պահում։ Գիտեք, որ վեռբովաչնի բազա է։ Ռուսսկի դոմը ինչի՞ եք պահում։ Չգիտե՞ք ինչով են զբաղվում»,- ասաց Մեհրաբյանը։ 

  

Վերջինս նշեց նաև, որ կողմ է նոր Սահմանադրության ընդունմանը, պետության նորովի վերահիմնադրման կողմնակից է։


«Հիմա ոչ կոնֆլիկտային իրողություն է ձևավորվում մեր շուրջը։ Առաջ  բոլոր փաստաթղթերը կոնֆլիկտի ծնունդ էին, իսկ Հայաստանի Հանրապետությունը 1991-ին անկախացած՝ էլի ծնունդ էր կոնֆլիկտի, Անկախության հռչակագիրը ծնունդ էր կոնֆլիկտի, և այդ ամենը ստեղծված էր կոնֆլիկտում։ Համարում էինք, որ այդ կոնֆլիկտը տեսանելի ապագայում չի վերջանալու։ Եվ հիմա հիմք ենք դրել խաղաղության, որը դեռ պետք է կառուցվի»,- ասաց Մեհրաբյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան