Այսօր մենք, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը․ Ալեն Սիմոնյան

Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջև` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Սիրելի՛ հայրենակիցներ, 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը։ Այդ օրը հայ ժողովուրդը վերահաստատեց իր` ազատ ապրելու և սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու իրավունքը։


Անկախության ճանապարհը հեշտ չի եղել։ Վերջին իրադարձությունները, սակայն, նոր պատմական հնարավորություններ են բացել մեր պետության առջև` ավելի ուժեղացնելով Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը։


Այսօր մենք, առավել քան երբևէ, գիտակցում ենք մեր անկախության ու ինքնիշխանության արժեքը։ Հենց խաղաղությունն է, որ ամրապնդում է մեր անկախությունը, հնարավորություն տալիս զարգացնելու մեր երկիրը և ապահովելու մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքը։


Այժմ մենք ոչ միայն անկախ ենք, այլեւ խաղաղ, իհարկե, նաև մեր ժողովրդի խելամիտ որոշումների շնորհիվ։
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 35-րդ տարեդարձի առթիվ։ Թող մեր անկախությունն ու խաղաղությունը լինեն հավերժական` ապահովելով մեր քաղաքացիների բարեկեցիկ ու անվտանգ կյանքը»,- գրել է նա։