Համոզված եմ՝ ականատես կլինենք Խաղաղության պայմանագրի կնքմանը, Արտաշատը ողջունել է․ Մկրտչյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա «Ֆեստիվառ» երաժշտական, մշակութային միջոցառման առաջին կանգառը ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում էր։ Ուշագրավ է, որ միջոցառումն անցկացվում էր օգոստոսի 23-ին, այն օրը, երբ 35 տարի առաջ ընդունվեց Անկախության հռչակագիրը: Ուշագրավ էր նաև այն, որ միջոցառումն անցկացվում էր Արտաշատի Օգոստոսի 23 փողոցում։


Միջոցառման և մի քանի այլ հարցերի մասին զրուցել ենք Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի հետ։


«Միջոցառման անցկացումը Անկախության հռչակագրի 35-ամյակի հետ է կապված, և որոշում է կայացվել, որ Ֆեստիվառի առաջին կանգառը լինի հենց Արտաշատ համայնքում, ինչի համար մենք շատ ուրախ ենք և մեծ սիրով ու ուրախությամբ  կազմակերպել ենք այս հիանալի փառատոնը։ Սա շատ լավ առիթ է համախմբելու մեր մարզի բնակիչներին, ինչպես նաև մեր ազգաբնակչությանը»,- ասաց Կառլեն Մկրտչյանը։


Քանի որ միջոցառման շրջանակներում կազմակերպվել էր նաև մարզում գործող ձեռնարկությունների արտադրանքի ցուցահանդես-վաճառք, համայնքի ղեկավարն ասաց, որ այս միջոցառումը շատ մեծ խթան է լինելու իրենց բիզնեսի զարգացման համար։


«Ունենք ներկայացված 37 տաղավար, 42 տնտեսվարողներ, որոնց մեծ մասն առաջին անգամ է ներկայացված, նրանք նոր են շուկայում, քիչ հայտնի։ Եվ սա ևս մեկ առիթ է իրենց տեղի արտադրանքով մեր հանրությանը ներկայանալու։ Ակնկալելի էր այս մասնակցությունը»,- նշեց համայնքապետը։


Պատասխանելով նաև հարցին, թե ինչպես համայնքի բնակիչներն ընդունեցին վաշինգտոնյան համաձայնագիրը, համայնքապետն ասաց, որ միանշանակ՝ դրական, և ոչ միայն մեր համայնքի բնակիչներն են դրական ընդունել, այլև մեր ազգաբնակչությունն է օգոստոսի 8-ի հռչակագիրը դրական ընդունել։


«Ես հույս ունեմ և համոզված եմ, որ ականատես կլինենք  խաղաղության պայմանագրի կնքմանը։ Եվ միջոցառման մասնակցության ակտիվությունը հենց այդ հռչակագրի պատասխանն է»,- հավելեց համայնքապետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան