Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից. «Yell Extreme Park»–ի պարզաբանումը

Քաղաքացին ընկել է ոչ թե զիփլայնից, այլ ռոլլեր լայնից, որը գետնից բարձր է 3-4 մետր։ Այս մասին պարզաբանում է տարածել «Yell Extreme Park»–ը` անդրադառնալով երեկ գրանցված միջադեպին։


Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին Ենոքավան գյուղի զիփլայնից քաղաքացի է ընկել և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


Ընկերությունից հայտնում են, որ իրենց աշխատակիցներն առաջին իսկ պահից եղել է տուժածի կողքին։ Անմիջապես կանչվել է շտապօգնություն, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել են անհրաժեշտ բուժզննումներ։ Այնուհետև նա տեղափոխվել է Երևան։


«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ տուժածի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա ստացել է ոտքի կոտրվածք և ներկայումս գտնվում է հիվանդանոցում, որտեղ ներկա են նաև ընկերության ներկայացուցիչները»,–ասված է հաղորդագրության մեջ։