ՌԴ-ն կուզենար Հայաստանում հաստատել պրոռուսական իշխանություն, բայց օգոստոսի 8-ից հետո 5-րդ շարասյան շանսերը նվազել են

Արվեստագետ Սասուն Քոսյանի կարծիքով՝ Վաշինգտոնում  նախաստորագրված Խաղաղության պայմանագիրն ու  «Թրամփի ուղու» շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն և առաջին հերթին՝ անվտանգության տեսանկյունից: «Ես շատ դրական եմ գնահատում։ Առաջինը՝ մի քանի տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ-ում Թրամփի վարչակազմն է, մենք չենք ունենա ագրեսիա Ադրբեջանի կողմից։ Երկրորդ՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցը մեջտեղից դուրս է եկել։ Նախկինում Ադրբեջանը սպառնում էր ուժով վերցնել, մեկ էլ հայտարարում էր, որ իրեն պետք չէ, Իրանով կգնանք, հետո նորից գալիս էր ու պահանջում։ Ռիսկը բավականին մեծ էր, որ այդ ուղղությամբ ուժային ինչ-որ բան կլինի, հաճախ սա անում էին Ռուսաստանի հետ կոորդինացված։ Հիմա այդ ռիսկերը կա՛մ բոլորովին չեզոքացել են,  կա՛մ առնվազն զգալիորեն նվազել»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ եթե նախքան օգոստոսի 8-ը, այսպես կոչված, ընդդիմությունը կամ հինգերորդ շարասյունը հնարավորություն ուներ Գյումրու օրինակով Հայաստանում ընտրությունների ճանապարհով իշխանություն փոխելու, ապա օգոստոսի 8-ից հետո այդ հնարավորությունները զգալիորեն նվազել են. «Կան տարբեր նախկիններ, Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք ուժը, որն ուղղակիորեն չի առնչվում նախկինների հետ, և դա որոշակիորեն դրական աջակցություն կարող է ապահովել իր համար։ Եթե պրոռուսական ուժերը միավորվեն այդ պրոռուսական ուժի հետ, տեսականորեն հնարավոր էր ստանալ իշխանություն։ Բայց սա մինչև օգոստոսի 8-ը, դրանից հետո շանսերը նվազել են: Ընդդիմադիր ուժերի հիմնական մեխերից մեկն անվտանգությունն էր. իշխանությանը մեղադրում են, որ նրանք չեն կարողանում ապահովել անվտանգություն։ Հիմա իհարկե նրանք պնդում են նույն բաները, նույնիսկ ավելի խիստ խոսքերով, բայց անաչառ դիտորդը տեսնում է, որ իսկապես իրավիճակ է փոխվել, և նրանց պնդումները չեն կարող աջակցություն ստանալ։ Իհարկե ժամանակ դեռ շատ կա, բայց ես կարծում եմ, որ ՔՊ-ի շանսերը բավականին աճել են, իսկ ընդդիմության ձայները՝ բավականին նվազել»։


Սասուն Քոսյանը նաև չի բացառում, որ  Ռուսաստանը առաջիկա ընտրություններին ընդառաջ կփորձի  քայլեր անել, բայց այս պահին բավականին թուլացած է. «Բնականաբար կուզեին տեսնել պրոռուսական իշխանություն, բայց չեն կարող դա իրագործել։ Ուկրաինական պատերազմը չի դադարում, իսկ քանի դեռ շարունակվում է, կմնա թուլացած ու չի անի ավելի շատ, քան հիմա»։


Մարիամ Գրիգորյան

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում