«Խաղաղության երկխոսություն»
ՀԿ նախագահ, իրավապաշտպան Էդգար Խաչատրյանի կարծիքով՝ այն ուժերը, որոնք քննադատում
են Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, պարզապես դեմ են, որ միջնորդող կողմը ԱՄՆ-ն է և ոչ Ռուսաստանը: «Այսինքն՝ այն, որ Միացյալ
Նահանգները կամ ԵՄ-ն են դառնում գերակշռող դերակատար տարածաշրջանում՝ իրենց դուր չի
գալիս։ Շատ կարևոր է հասկանալ, թե խաղաղություն ասելով ինչ ենք հասկանում, և ինչ ցուցիչներ պետք է լինեն, որ մենք հասկանանք, որ
ապրում ենք խաղաղ միջավայրում։ Ինձ համար, օրինակ, խաղաղությունն ու ժողովրդավարությունն
անբաժանելի են։ Չի կարող լինել խաղաղություն առանց ժողովրդավարության, մարդու իրավունքների
հարգանքի»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Խաչատրյանի դիտարկմամբ՝ պետք չէ այն խաղաղությունը, որով Հայաստանը
կդառնա Ռուսաստանի գուբեռնիա կամ ծայրագավառ. «Չնայած մեր կազմակերպության անունը խաղաղություն
է, բայց մենք այդ ուժերի պատկերացրած խաղաղությունը չենք ուզում։ Պետք է հասկանալ,
որ այդ ուժերի նպատակը ոչ թե հենց խաղաղության գործընթացը խաթարելն է, այլ այնպես անել,
որ Ռուսաստանը հանկարծ տարածաշրջանից դուրս չմնա»։
Եթե Թրամփի փոխարեն Պուտինը նստած լիներ, ըստ Խաչատրյանի, այժմ
բողոքող ուժերը ծափահարությամբ կընդունեին: «Ես ինքս ողջունում եմ փաստաթղթի ստորագրումը, միգուցե այն
իդեալական չէ, բայց մեծ հնարավորություններ է ստեղծում։ Եվ շատ կարևոր է, որ մենք,
բացի այդ համաձայնագրից, դիտարկենք նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ համաձայնագիրը, որովհետև
ի վերջո դա է հիմք դառնալու, որ հայ-ադրբեջանական
համաձայնությունները իրականություն դառնան։ Մեկն առանց մյուսի չի աշխատի, և շատ կարևոր
է հասկանալ, թե և՛ մեր, և՛ Միացյալ Նահանգների կողմից ինչքան պատրաստակամություն
կա այդ ամենն իրականություն դարձնելու համար»,- նկատեց իրավապաշտպանը։
Մեր զրուցակիցը նշում
է՝ կան խմբեր, որոնց համար կարևոր է, որ Ռուսաստանը մնա տարածաշրջանում։ Այդ խմբերը,
սակայն, երբեք այլընտրանք չեն առաջարկել:
«2020 թվականից այս կողմ մենք լսում ենք քննադատություններ, բայց որևէ հոդաբաշխ առաջարկություն,
վերլուծություն չենք լսել։ Նոյեմբերի 9-ից հետո իշխանություններին համարում էին կապիտուլյանտ,
բայց չէին ասում՝ գան իշխանության, չեղարկելո՞ւ են, թե՞ ոչ»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան