Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 29-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանը:
Մասնավորապես՝ Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կկատարվի լուսացույցների տեղափոխություն, որի հետևանքով կտեղափոխվի Արգիշտիի փողոցի «կանգ» գիծը և փողոցը հատող հետիոտնի համար նախատեսված անցումը:
Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի. շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:
Բեյրութի և Արգիշտիի փողոցներում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կկազմակերպվի առաջին երթևեկելի գոտում:
Բեյրութի-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հասարակական տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի առանձնացված լուսացույցով՝ «BUS» գրությամբ: