Բելառուսի դեսպանին ՀՀ-ից արտաքսելը կլինի պաշտոնական Երևանի համարժեք պատասխանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին և, անդրադառնալով Հայաստանի հետ խաղաղության գործընթացին, նշել, թե ինքն է «նախաձեռնել բանակցությունների ձևաչափը և ներկայացրել խաղաղության համաձայնագրի նախագիծը»:


 Նա ընդգծել է, որ Հայաստանի հետ բանակցությունները տևել են մի քանի տարի և ավարտվել Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Թրամփի և նրա թիմի ակտիվ աջակցությամբ: «Ես համարում եմ, որ սա իսկապես հակամարտության ավարտն է, պատերազմի ավարտը: Պաշտոնապես խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել մեկ կոնկրետ պատճառով. Հայաստանի Սահմանադրության մեջ դեռ պահպանվում է մի դրույթ, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:


Թեմայի վերաբերյալ զրուցել ենք «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ 


«Նախ նշենք, որ Հայաստանը բազմիցս պատասխանել է այդ մեղադրանքին, բայց եթե իրական քաղաքական ռեժիմում դիտարկենք, ըստ ամենայնի,  Ալիևը  դեռևս սպասումներ ունի, և սպասումները Հայաստանից չեն, այդ սպասումներն այլ երկրներից են։ Գուցե ԱՄՆ-ից այն, ինչ որ արդեն ստացավ Ալիևը, զարգացում պետք է ունենա՝ ըստ Բաքվի ընդհանուր կարծիքի։ Օրինակ՝ 907-րդ բանաձևը մեկ տարով Թրամփը կասեցրեց, բայց Բաքուն կցանկանար, որպեսզի այն ընդհանրապես հանվեր օրակարգից, սակայն այս պահի դրությամբ, ինչքանով ես եմ տեղյակ, այդ առումով նախաձեռնություն Կոնգրեսում չկա, որովհետև Կոնգրեսի իրավասության սահմաններում է 907-րդ բանաձևն ընդհանրապես չեղարկելը։ Հնարավոր է՝ Ալիևը սպասում է նման որոշակի գործողությունների, որից հետո նոր կգա և արդեն կստորագրի այդ համաձայնագիրը»,- ասաց քաղաքագետը։


Խոսելով նաև այն մասին, որ ըստ մամուլում տպագրված արտահոսած զեկույցի՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել, քաղաքագետն ասաց, որ դա իր համար նորություն չէր. Բելառուսը «Պոլոնեզ» համակարգեր էր վաճառել Ադրբեջանին, և դրանք պատերազմի ժամանակ աշխատել են։


«Ես՝ ինքս, որպես պատերազմի մասնակից, տեղում տեսել եմ, որ բելառուսական ռազմական տեխնիկան աշխատում է հայկական ուժերի դեմ, և կարծում եմ, որ եթե ես նման տեղեկատվության տիրապետում եմ, Հայաստանի իշխանությունները ևս այդ տեղեկատվությանը տիրապետել են, այնպես որ այնպես չէ, որ այս պահին տեղեկացան ՀԱՊԿ-ի շրջանակներում Բելառուսի դավաճանական գործողությունների մասին։ Այս առումով շատ ճիշտ կլիներ, որ Հայաստանը վաղուց գրողի ծոցն ուղարկած լիներ ՀԱՊԿ-ը, առավել ևս, իմ գնահատմամբ, լավագույն ժամանակաշրջանը դրա համար 2024 թվականի ապրիլի 5-ին նախորդող ժամանակաշրջանն էր, երբ Բրյուսեում կազմակերպվում էր հայտնի հանդիպումը»,- նշեց քաղաքագետը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան