«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության անդամներին՝ հիմնադրամի տրանսպորտի և կապի հարցերով ղեկավար Արթուր Առաքելյանի գլխավորությամբ։ Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրին առնչվող հարցեր։
Այս մասին հայտնել է դեպարտամենտը՝ հիշեցնելով, որ նշված ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։
Արկադի Չերչինյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ սերտ գործակցությունը նպաստում է ծրագրի արդյունավետ իրականացմանը։
Կողմերն անդրադարձել են նաև Քաջարանի թունելի կառուցման և մոտեցնող ճանապարհների վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթին։ Նշվել է, որ հունիսի 22-ին բացվել են մրցութային հայտերը, ներկայացված փաստաթղթերն այժմ գնահատման փուլում են։ Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։