Հանրաքվե միանշանակ լինելու է. կա 3 պատճառ, թե ինչու է Ալիևը պնդում սահմանադրական փոփոխություններ անել

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի կարծիքով՝ պետք չէ բացառել այն հնարավորությունը, որ Խաղաղության պայմանագիրը կստորագրվի առանց սահմանադրական փոփոխություններ իրականացնելու։ Civic.am-ի հետ զրույցում Ստեփանյանը նշեց՝ աշխարհն Ալիևի շուրջը չի պտտվում, բայց պետք է հասկանալ նաև  Ադրբեջանի նախագահի տրամաբանությունը, թե նա ինչու է այդ հարցն անընդհատ պնդում:


«Կա երեք պատճառ։ Առաջինը՝ տարբեր տեսակի զիջումներ կորզելն  է, իսկ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո նա այլևս զիջումներ կորզել չի կարող։ Երկրորդը՝ Ալիևը ժամանակ է ձգում այն պարզ պատճառով, որ նա «հայը որպես թշնամի» փոխարինող չունի։ Այս պահին նա ժողովրդին ու հասարակությանն ուրիշ առաջարկելու բան չունի։ Եվ երրորդը՝ Ադրբեջանում, այո՛, կան վախեր, որ ինչ-որ պահի Հայաստանում կարող է լինել իշխանափոխություն, գան ռևանշիստական ուժեր և ամենակարևորը՝ պրոռուսական իշխանություն... այդ պահին Ռուսաստանին պետք է լինելու ռևանշ։ Թուրքերն ու ադրբեջանցիները ռուսներին 2020 թվականին խաբել են, ստացել են ամեն ինչ ու քցել ՌԴ-ին։ Մի օր կարող է Ռուսաստանում ռևանշի ցանկություն լինել, իսկ ո՞ւմ են օգտագործելու այդ ճանապարհին, իհարկե՝ հայերին։ Ալիևն ուզում է  ապահովագրվել ու բոլոր հնարավոր խոչընդոտները վերացնել»,- ասաց նա։


Ստեփանյանը նշում է՝ մեր դիվանագիտությունը այս փաստը պետք է Ալիևի առջև դնի՝ նշելով, որ եթե վաղը լինի իշխանափոխություն, դու կարող ես այդ խաղաղությունը չստանալ: «Եվ երկաթը պետք է տաք-տաք ծեծել»,- նկատեց նա։


Քաղաքագետի դիտարկմամբ՝ բավականին բարդ է կանխատեսել, թե ինչ արդյունք կունենա Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: «Միանշանակ այդ հանրաքվեն լինելու է, այդ մասին ՀՀ իշխանությունները խոսել են նույնիսկ ալիևյան պահանջներից առաջ։ Իսկ եթե այնտեղ հիմա լինի կետ, որով  հանվի Անկախության հռչակագրին հղումը, դա կարող է բերել մի վիճակի, որ իրոք հանրաքվեն տապալվի։ Ի՞նչ է  լինելու այդ դեպքում, հետաքրքիր հարց է։ Եթե Ադրբեջանում իրոք ցանկանում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինի խաղաղություն, այդ կետը պետք է հանվի, դա իր մեջ բավականին մեծ ռիսկեր է  պարունակում խաղաղության հեռանկարի առումով»,- եզրափակեց նա։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան